Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխող վարչակազմի բազմամիլիոնանոց կոռուպցիոն գործարքները հետաքննելու կոչ անող բանաձև է ընդունել, որին կողմ է քվեարկել 578 պատգամավոր, դեմ՝ ընդամենը 19-ը, 68-ը ձեռնպահ է մնացել: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջը:
Փաստաթղթում եվրոպացի պատգամավորները դատապարտում են փաստերը, որ իրենց վերջին աղմկահարույց բացահայտումներում մանրամասն նկարագրում են «Ադրբեջանական լվացքատուն» վերտառությամբ հետաքննության հեղինակները:
Եվրոպական միության օրենսդիր մարմինը անընդունելի է համարում «Ադրբեջանի, ինչպես նաև այլ ավտորիտար ռեժիմ ունեցող երրորդ աշխարհի երկրների կողմից եվրոպացիների որոշումների վրա ապօրինի միջոցներով ազդելու փորձերը»: «Եվրոպական խորհրդարանը պետք է հետաքննի և վճռական միջոցներ ձեռնարկի նման կոռուպցիան կանխելու համար, քանի որ դա կասկածի տակ է դնում է կառույցի լեգիտիմությունն ու հեղինակությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող նախագիծը վերջերս հրապարակած հոդվածում պնդում է, որ 2012-2014 թվականներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ երեք միլիարդ դոլար են օրինականացրել, որն ուղղվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, վերնախավի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու նպատակով: Սկանդալային այդ հրապարակման համաձայն՝ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել Եվրամիության տարբեր պետություններ` Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան ներկայացնող լրագրողներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտանիքը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակիցը, Սլովենիայի նախագահի նախկին թեկնածուն:
Զեկույցի հեղինակ լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստրևիչյուսի խոսքով՝ այդ հետաքննական նյութերը վկայում են, որ կոռուպցիան արդեն անցնում է պետական սահմաններն ու իր հետևանքները թողնում քաղաքական որոշումների վրա:
Ադրբեջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ պնդումները քննարկվելու են նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
Ավելի վաղ, հիշեցնենք, ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել բելգիացի խորհրդարանական Ալեն Դեսքթերի հեղինակած զեկույցին, որի առանցքում Վեհաժողովի ներկայացուցիչներին ադրբեջանական իշխանության կողմից կաշառելու մասին պնդումներն են:
Աղմկահարույց բացահայտումների հեղինակները մասնավորապես նշում են, որ ԵԽԽՎ իտալացի անդամ Լուկա Վոլոնտեի ջանքերի շնորհիվ 2013-ին տապալվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող զեկույցի ընդունումը: Ըստ հետաքննող լրագրողների՝ բանկային փաստաթղթերը վկայում են, որ այդ ժամանակահատվածում Վոլոնտեն ադրբեջանական իշխանություններից շուրջ 2 միլիոն եվրո է ստացել:
Պաշտոնական Բաքուն հերքում է բոլոր այդ մեղադրանքները՝ պնդելով, թե «այդ ամենի ետևում կանգնած են Ջորջ Սորոսը և համաշխարհային հայությունը»: