Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 35-րդ կետում որպես պարտադիր առարկա ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան, որի անվանումն առաջարկվում է փոխել «Հայաստանի պատմություն», «որն ավելի բնութագրական է առարկայի շրջանակում ուսումնասիրվող նյութի համար, քանի որ հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն է ընդգրկում»:

«Առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը: Ուսուցանվող առարկան ներկայացվում է իբրև հավաքական և կազմակերպված հանրություն հանդես գալու պատմություն։ Այս պարագայում պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները», - ասված է ԿԳՄՍՆ լրատվականի հաղորդագրությունում: «Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն առավելապես կարևոր պատմական դերակատարում ունեցած մարդկանց գործունեության մասին պատմություն է, որոշակի իմաստով խթանում է այն գաղափարը, որ պատմությունը նաև առանց պետության և պետականության կարող է ձևավորվել՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, մասնավորապես պետականամետ քաղաքացու վարքականոնի ձևավորմանը», - պնդում է գերատեսչությունը:

Հաղորդագրությունում նշված է, որ «մի շարք երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, և փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում». - «Մասնավորապես՝ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ուսումնասիրվում է տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակում»:

Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ԿԳՄՍՆ ներկայացնել մինչև փետրվարի 2-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG