Մատչելիության հղումներ

«Կրթության կազմակերպումը պետության գործն է». ԿԳՄՍ նախարարն արձագանքում է Մայր Աթոռին


«Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք: Կրթության կազմակերպումը պետության գործն է», - կրթության նախարարի հակիրճ արձագանքն է Մայր Աթոռին, որ երեկ բաց նամակ էր հրապարակել՝ հորդորելով Ժաննա Անդրեասյանին դադարեցնել մեծ աղմուկի պատճառ դարձած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի կիրառությունը դպրոցներում։

Հայ առաքելական եկեղեցին պնդում է՝ գրքում մի շարք առանցքային սխալներ կան, որոնք՝ «հնարավոր չեն դարձնում կազմակերպել սերունդների ազգային և որակյալ կրթությունն ու դաստիարակությունը»։

Մայր Աթոռի նամակը երեկ են ստացել, կպատասխանեն, դիտրակումներ էլ հաշվի կառնեն մասնագիտական - փորձագիտական քննարկումների ժամանակ։ Այս հարցով նախկինում մի քանի անգամ կաթողիկոսի հետ հանդիպած նախարարը հասկացնել տվեց՝ ավելին մի սպասեք։

«Պետությունը հաշվի է առնում մասնագիտական կարծիքները և կազմակերպում մանկավարժական այն մոտեցմամբ, որը տալիս է արդյունք: Մնացյալ ամենն, իհարկե, լսվում է, հաշվի է առնվում, բայց բոլորովին պարտադիր չէ, որ դա ազդի պետական քաղաքականության վրա», - նշեց նախարարը:

Ժաննա Ադրեասյանի տարեվերջյան ասուլիսը պատմության հենց այս դասագրքի շուրջ ծավալվեց։ Այն ուսումնական տարվա սկզբին ուշացումով մուտք գործեց դպրոց, ինչին հաջորդեց մի շարք պատմաբանների դժգոհությունը։ Մասնագետները գիրքը էջ առ էջ վերլուծել էին և հիմնական բողոքն այն էր, որ դասագրքում հայոց պատմությունն ու քարտեզները ամբողջական և ճշգրիտ չեն ներկայացված, իսկ որոշ կարևոր դրվագներ առհասարակ անտեսվել են։

Անդրեասյանն ասում է՝ այդ քննարկումը դեռ շարունակվում է, հիմա գրքի հեղինակի հետ պայմանավորվել են, որ պետք է առանձին - առանձին անդրադառնա բոլոր խնդրահարույց կետերին։ Վերջում էլ բոլոր կողմ և դեմ կարծիքները կներկայացվեն երրորդ՝ անկախ կառույցին, անհրաժեշտության դեպքում դասագրքում փոփոխություններ կարվեն։

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում պատմաբանության վերաբերյալ եզրակացություններ անեմ: Ես նշեցի գործընթացը, մասնագետները կտան կարծիք, որը կլինի ճիշտ, դա էլ կներառվի դասագրքում», - ընդգծեց ԿԳՄՍ նախարարը:

Խնդրահարույց դասագիրքն ուսումնական կես տարվա ընթացքում շրջանառությունից այդպես էլ դուրս չեկավ, նախարար Անդրեասյանը դրա նպատակը չի տեսնում թեև ձեռնարկը, իր ասելով, հենց այս պահին էլ փորձագիտական ուսումնասիրություններ է անցնում։ Նախարարն ասում է՝ սա էլ է աշխատանքային գործընթաց, իսկ այս ընթացքում ուսուցիչներին հորդորեց՝ գրքից շատ չկառչել:

«Թվում է, որ եթե դասագրքում գրված է Ա կամ Բ, դրանով ամբողջ դպրոցի հարցը փակվում է կամ որոշվում է, այդպես չէ, մենք կարող ենք նույն առարկայի համար ունենալ մի քանի դասագիրք ու ուսուցիչը որոշի, օրինակ, օգտագործել բացի դասագրքից ևս 4-5 տարբեր նյութ», - ասաց Ժաննա Անդրեասյանը:

Փոփոխություններ են սպասվում քննական համակարգում, առաջին փորձը այս ուսումնական տարում Տավուշի մարզում կիրականցվի, հետո ողջ երկրում։ Ըստ այդմ` 4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվի գիտելիքի ստուգում, աշակերտը հաջորդ դասարան է կփոխադրվի բնութագրերի հիման վրա։

Լրջագույն փոփոխությունները նախատեսված են 9-րդ դասարանցիների համար։ Գրականություն և Հայոց պատմություն առարկաները կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով, բնագիտական առարկաների դեպքում սովորողը կունենա ընտրելու հնարավորություն՝ թեստ կամ նախագիծ՝ առնվազն երկու առարկայից: Մյուս առարկաների դեպքում նորից թեստերն են։ Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ այս մոտեցումը թույլ կտա աշակերտներին առարկան անգիր անելու փոխարեն վերլուծել սովորել։

«Հետ սովորենք այդ անգիրի մշակույթից, հիմա էսսեն այն ձևերից մեկն է, որ մեր երեխաները վերցնեն թեմա, թեմայի շուրջ հետազոտական աշխատանք են անում», - նշեց կրթության նախարարը:

Կրթության և գիտության ոլորտում ամենամեծ մարտահրավերը մի քանի բուհեր միավորող ակադեմիական քաղաքի կառուցումն է լինելու, նախագծի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում։ Մշակութային օջախներն առավել ինքնավար դարձնելու միտում ունեն, սակայն որոշ վերապահումներով. չնայած անձնակազմի բողոքներին՝ «Գոյ» թատրոնի փակումից ետ չեն կանգնի։

«Կրթության կազմակերպումը պետության գործն է». ԿԳՄՍ նախարարն արձագանքում է Մայր Աթոռին
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG