Ռուսաստանի ներքաղաքական կյանքում նոր ինտրիգ է հասունանում: Մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, երբ թվում է՝ Պուտինի հաղթանակին ոչինչ չի կարող խոչընդոտել, հիմնական մրցակիցներն էլ կա՛մ բանտում են, կա՛մ՝ երկրից դուրս, առաջադրման մասին է հայտարարել Պետդումայի նախկին պատգամավոր, ընդդիմադիր Բորիս Նադեժդինը, ով հրապարակավ քննադատում է Պուտինին ու Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
«Այսօր արդեն ակնհայտ է, և նաև Պուտինի պահվածքից է դա երևում, թե ինչ աղետալի սխալ էր Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու որոշումը», - մասնավորապես ասել է Նադեժդինը:
Նախագահական ընտրություններում գրանցվելու համար Նադեժդինին անհրաժեշտ է առնվազն 100 հազար ստորագրություն հավաքել երկրի առնվազն 40 շրջաններում։ Ընդդիմադիրներից շատերը կոչ են արել ռուսաստանցիներին աջակցել նրան այս հարցում, ինչից հետո Նադեժդինի համար ստորագրահավաքի կետերում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Միտիշչիում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Թբիլիսիում, Բուդվայում, Բելգրադում, հերթեր են գոյացել։ Այսօր առավոտյան արդեն նրա օգտին հավաքվել էր գրեթե 78 հազար ստորագրություն, զգալի աճել է նաև Նադեժդինի Telegram ալիքի բաժանորդների թիվը:
Անսպասելի այս ակտիվության ֆոնին տարբեր քաղաքներից հաղորդումներ են ստացվում, որ իշխանությունները սկսել են խոչընդոտել ստորագրահավաքին։ Մերձմոսկովյան առևտրի կենտրոններից մեկի ղեկավարությունը, օրինակ, պահանջել է դադարեցնել հավաքը՝ պատճառաբանելով, որ մարդկանց հերթն անհանգստացնում է այցելուներին։
Առաջինը Նադեժդինին օգնելու կոչով հայտարարություն էր արել լրագրող Եկատերինա Դունցովան, ում թեկնածությունը Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ չէր գրանցել։
«Ինչո՞ւ եմ կարծում, որ կարևոր է նրան աջակցել: Նախ՝ քվեաթերթիկում պետք է լինի առնվազն մեկ թեկնածու՝ խաղաղ օրակարգով: Գրանցված թեկնածուն դաշնային և տարածաշրջանային հեռուստաալիքներով հսկայական եթեր է ստանում. սա հնարավորություն է գոնե մի փոքր ճշմարտություն ասելու, որն այնքան պակասում է այնտեղ», - ընդգծում է Դունցովան՝ հավելելով, որ եթե Նադեժդինին գրանցեն որպես նախագահի թեկնածու, ընդդիմությունը կստանա քվեարկության անկախ մոնիթորինգի հնարավորություն:
Մինչ այդ հրապարակվել էր Նադեժդինի մասին լրագրող Մաքսիմ Կացի հաղորդումը, ով ևս աջակցություն էր հայտնել նրան, հետո էլ ի պաշտպանություն Նադեժդինի հայտարարություն տարածեցին լիբերալ դաշտի հնաբնակները՝ Միխայիլ Խոդորկովսկին և Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները:
«Ցանկացած թեկնածուի, այդ թվում՝ Նադեժդինի օգտին ստորագրությունը ճիշտ որոշում է», - պնդել է այժմ ազատազրկված Նավալնիի թիմակից Իվան Ժդանովը։
Քաղաքագետները փաստում են, որ Նադեժդինը ռուսական ընդդիմության երանելի թեկնածուն չէ՝ նա անցած տարիներին մասնակցում էր դաշնային հեռուստաընկերությունների քարոզչական թոք շոուներին, վերջերս էլ հայտարարել էր, թե եթե ընտրվի նախագահ, չի հանձնի Պուտինին Հաագայի միջազգային դատարանին, այլ թույլ կտա, որ նա հանգիստ գնա թոշակի. - «Ես պատրաստվում եմ մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին որպես թեկնածու և չեմ պատրաստվում հանձնել Պուտինին և Ստրելկովին Հաագայի միջազգային դատարանին, եթե նախագահ դառնամ։ Ես, ի տարբերություն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի, չեմ խախտի Ռուսաստանի Սահմանադրությունը, որն ասում է, թե Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում օտարերկրյա պետությանը»:
Նադեժդինի մասնակցությունը քարոզչական շոուներին ու այս հայտարարությունը շատերին էր հիմք տալիս պնդելու, որ նա Կրեմլի խաղն է խաղում և համաձայնեցված չափով քննադատում է Պուտինին՝ ցույց տալու, թե իբր Ռուսաստանում կա խոսքի ազատություն։ Չնայած այդ թերահավատությանը՝ այսօր Ռուսաստանից դուրս գտնվող ընդդիմադիր առաջնորդները պնդում են՝ պետք է օգնել նրան ստորագրահավաքի հարցում՝ թեկուզ միայն ցույց տալու համար, որ Ռուսաստանում ապրում են մարդիկ, ովքեր դեմ են Պուտինի հինգերորդ նախագահական ժամկետին և Ուկրաինայի դեմ պատերազմին:
«Ստորագրելով Նադեժդինի համար՝ դուք հայտարարում եք, որ դեմ եք անիմաստ սպանություններին, դեմ եք, որ երկիրը ղեկավարեն հիմար ծերուկները, և կողմ եք փոփոխություններին», - գրել է Խոդորկովսկին:
Դեռ հայտնի չէ՝ կգրանցի՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նադեժդինին որպես թեկնածու, թե՞, ինչպես այսօր ընդդիմադիրներն են գրում համացանցում, կվախենա նրա աջակիցների թվի անսպասելի աճից:
Ստորագրահավաքն ավարտվում է հունվարի 31-ին։ Թեկնածուների գրանցման մասին ԿԸՀ-ը կհայտարարի մինչև փետրվարի 10-ը։ Ներկայումս նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ: Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 15-17-ը։
Անկախ դիտորդներն ու փորձագետները Ռուսաստանում ընտրությունները գնահատում են որպես անազատ և անարդար: