Մատչելիության հղումներ

Պակիստանը պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքին


Բնակիչները հավաքվել են պակիստանյան հրթիռի հարվածից առաջացած փոսորակի մոտ, Սարավան, Սիստան-Բելուջիստան, Իրան, 18 հունվարի, 2024թ.
Բնակիչները հավաքվել են պակիստանյան հրթիռի հարվածից առաջացած փոսորակի մոտ, Սարավան, Սիստան-Բելուջիստան, Իրան, 18 հունվարի, 2024թ.

Գործողության ծածկանունը՝ «Մարգ Բար Սարմաճար»

Վաղ առավոտյան Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Չինաստանի և արաբական երկրների լրատվամիջոցները տեղեկացրել են իրանա-պակիստանյան ճգնաժամի խորացման մասին՝ Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին:

Թիրախն Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում էր, Իսլամաբադի պնդմամբ, Պակիստանի դեմ ահաբեկչական ծրագրեր հետապնդող խմբավորումները: Դեռ երեկ հստակ դարձավ, որ Պակիստանն անպատասխան չի թողնի իր տարածքի հրթիռակոծումն Իրանի կողմից:

Այսօր Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Առավոտյան Պակիստանն իրականացրել է մի շարք խիստ համակարգված ռազմական հարվածներ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում, թիրախավորելով ահաբեկիչների թաքստոցները: Գործողության ծածկանունն է «Մարգ Բար Սարմաճար», սպանվել են մի շարք ահաբեկիչներ», - ասել է ԱԳՆ խոսնակ Զահրա Բալոչը:

Այսօրվա դրությամբ դիվանագիտական ճգնաժամ է

Այն բանից հետո, երբ Իրանը հունվարի 16-ին հարված է հասցրել Պակիստանի տարածքին, Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար Ուլհաք Կաքարն ընդհատել է այցը Դավոս, որտեղ մասնակցել է տնտեսական ֆորումին, և շտապ վերադարձել է հայրենիք:

Պակիստանը Թեհրանից հետ է կանչել դեսպանին և Իսլամաբադում Իրանի դեսպանին, ով հիմա իր հայրենիքում է, առաջարկել է առայժմ չվերադառնալ Պակիստան: Իսլամաբադը նաև միառժամանակ սառեցրել է Իրանի հետ դեռ նախքան ճգնաժամը համաձայնեցված բարձր մակարդակով այցերը և հանդիպումները:


Թեհրանը պնդել է, որ հունվարի 16-ի գործողության թիրախը «Ջաշ Ալ Ադլ» ահաբեկչական խմբի երկու հենակետերն են եղել:

Ըստ Պակիստանի, զոհվել են խաղաղ մարդիկ, այդ թվում՝ երկու երեխա: Զոհերը պակիստանցիներ չեն:

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին էլ, իր հերթին, հայտնել է, որ պակիստանցիների հասցրած հարվածներից զոհվել է երեք կին և չորս երեխա, բոլորը՝ ոչ իրանցի:

Իսլամաբադի «հայելային» պատասխանը

Պակիստանն ինչ-որ առումով «հայելային» պատասխան է տվել: Այսօրվա թիրախը Սիստան և Բելուջիստան նահանգում ապաստանած պակիստանցի զինյալներն էին, ովքեր իրենց «սարմաչար» են անվանում: Խոսքը երկու խմբերի մասին է «Բելուջիստանի ազատագրման բանակը» և «Բելուջիստանի ազատագրման ճակատը»:

Երկուսն էլ, ըստ Իսլամաբադի, հակապակիստանյան անջատական-ահաբեկչական նպատակներ են հետապնդում:

Երկու երկրների սահմանամերձ շրջանների որոշ հատվածներ երկու պետությունների կենտրոնական իշխանությունների կողմից ամբողջապես չեն վերահսկվում:

Պակիստանյան տարածքում կան իրանցի զինյալներ, Իրանի տարածքում՝ պակիստանցիներ: Թեհրանի թիրախն իրանական հակապետական խումբն էր, Իսլամաբադի թիրախը՝ պակիստանյան:

Կողմերը, հավանաբար, չեն ձգտում լայնածավալ հակամարտության

Թիրախների այդ ընտրությունը վկայում է, որ երկու երկրները դեռ չեն ցանկանում միջադեպերը միջպետական կոնֆլիկտի հասցնել: Իսլամաբադի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է իր երկրի հարգանքն Իրանի հանդեպ:

«Իրանը եղբայրական երկիր է: Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանք ու սեր է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ։ Մենք միշտ ընդգծել ենք, որ հարկ է երկխոսությամբ և համագործակցությամբ դիմակայել ընդհանուր մարտահրավերներին ու պայքարել ահաբեկչության դեմ, մենք կշարունակենք քայլեր անել համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ», - ասել է ԱԳՆ խոսնակ Զահրա Բալոչը:

Պեկինը և Անկարան զսպվածության կոչեր են հնչեցնում

Մոլորակի գերտեություններից իրանա-պակիստանյան ճգնաժամին այսօր արձագանքել է Չինաստանը, հայտնելով, որ պատրաստ են միջնորդել երկու երկրների միջև առաջացած լարվածությունը թուլացնելու համար:

«Չինաստանը մշտապես կողմ է երկրների հարաբերությունները ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի սկզբունքներով կարգավորելուն: Իրանը և Պակիստանը մերձավոր հարևաններ են, բարեկամներ և գործընկերներ: Մենք հուսով ենք, որ կողմերը կկարողանան խուսափել լարվածության աճից, և եթե անհրաժեշտ կհամարեն՝ մենք պատրաստ ենք կառուցողական դեր խաղալ իրավիճակը մեղմելու գործում», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը:

Խնդիրը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը:

«Այսօր առավոտյան ընձեռնվեց երկու երկրների արտգործնախարարների հետ զրուցելու հնարավորություն: Նրանք ներկայացրել են իրենց դիրքորոշումները և փաստարկները: Թուրքիան կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել նոր լարվածությունից: Երկու կողմերն էլ հավաստիացրել են, որ չեն ցանկանում սրել իրավիճակը»,- հայտնել է Ֆիդանը:

XS
SM
MD
LG