Իրանի հարձակումից երկու օր անց Պակիստանը հարվածել է Իրանում յոթ թիրախների, հաղորդում է BBC-ին։
Ըստ Պակիստանի արտաքին գործերի նախարարության՝ Իսլամաբադը «խիստ համակարգված և ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին»: Ենթադրվում է, որ սպանվել է մի քանի մարդ։
Միևնույն ժամանակ Պակիստանն Իրանին եղբայրական երկիր է անվանել՝ շեշտելով՝ հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Սիստան և Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հինգշաբթի վաղ առավոտյան Սերավան քաղաքում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ՝ երեք կին և չորս երեխա։
Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ հարձակումներն իրականացվել են ԱԹՍ-ներով ու հրթիռներով։
Երեքշաբթի օրը Պակիստանը հաղորդեց, որ իրանական կողմի հարվածներից երկու երեխա է զոհվել։ Իրանի զինված ուժերին մոտ կանգնած լրատվամիջոցները գրեցին, որ Իրանը Պակիստանում երկու բազա է թիրախավորել, որոնք կապված են «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հետ։
Պակիստանը հայտարարեց, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքելու Իրանի «ապօրինի գործողություններին»։ Բաղդադն ու Իսլամաբադը Թեհրանից հետ կանչեցին իրենց դեսպաններին։
Պակիստանն ու Իրանը 900 կիլոմետրանոց սահմանի երկայնքով երկար ժամանակ պայքարում են անջատողականների դեմ։