«8 գյուղերի հարցը, որ այսօր օկուպացիայի տակ են, մշտապես մնում են մեր օրակարգում», - երեկ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այդ հարցը քննարկվում է նաև Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ընթացքում։ Հարցը բարձրացրել եմ նաև Սանկտ Պետերբուրգում՝ «ոտքի վրա» զրույցի ընթացքում։ Հարցը նաև սահմանազատման հանձնաժողովների օրակարգում է», - ասել է Ալիևը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս, «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են պնդել, թե տարածքներ ունեն մինչ օրս չգծված սահմանից այն կողմ։ Բաքուն, մասնավորապես, հայտարարում է, թե հայկական կողմի վերահսկողության տակ է 8 գյուղ, Երևանն էլ խոսում է Արծվաշենի, Շահումյանի ու Տավուշի մարզի մի քանի գյուղերի վարելահողերի մասին, որոնք 90-ականներից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։
Տարեվեջին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց՝ հարցի լուծման երկու տարբերակ կա՝ կա՛մ պահպանվում է առկա իրավիճակը, կա՛մ փոխանակում է տեղի ունենում։
«Կարգավորում նկատի ունեմ, որ այդ տարածքները որոշակի մակերես ունեն, և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ», - նշել էր նախարարը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորված ժամկետներ չկան, դեկտեմբերին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ալիևը կրկին քննադատություններ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։
Հայաստանին զինելու փորձերը Բաքվին մշտապես ճնշման տակ պահելու նպատակ ունեն, հայտարարել է Ալիևը՝ շեշտելով, բոլոր այդ ջանքերն ուղղված են ապագայում «մեզ խաղաղ ապրել թույլ չտալուն և, ցավոք սրտի, Ֆրանսիան նաև այստեղ է առաջին պլանում»։
«Ֆրանսիան այն երկիրն է, որն այսօր զինում է Հայաստանին, պատրաստում իր զինվորականներին և նախապատրաստում հերթական պատերազմին։ Ուստի, երբ ասում էի, որ Ֆրանսիայի քաղաքականությունը նպաստում է Կովկասում լարվածության սրմանը, ես հենց դա նկատի ունեի։ Հայաստանում կարող են անհիմն պատրանքներ առաջանալ, որ մի օր նորից մեզանից կպոկեն Ղարաբաղը։ Նմանատիպ գաղափարներ են շրջանառվում հայ հասարակության մեջ, այդ թվում՝ երկրի ղեկավարության շրջանում։ Չեմ բացառում, որ այդ գաղափարներն աստիճանաբար էլ ավելի լայն տարածում կունենան։ Ուստի մենք երբեք չպետք է հանգստանանք։ Եթե հիշում եք, երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ես ասացի, որ պետք է ավելի ուժեղ բանակ ստեղծենք, և մենք դա արեցինք», - ասել է Ալիևը։
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։
Սենատի հանձնաժողովում կայացած 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։
Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» այդ առաքումները՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։
Պաշտոնական Երևանը ֆրանսիական զրահամեքենաների առաքման մասին տեղեկությունները չի մեկնաբանել։