Մատչելիության հղումներ

Լավրովն ու Աբդոլահիանը միջազգային հարցեր են քննարկել


Լուսանկարը՝ Ռուսաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Ռուսաստանի արտգործնախարարության

Իրանական կողմի նախաձեռնությամբ երեկ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ ռուսական կողմի՝ Սերգեյ Լավրովը ցավակցել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանին «Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ»։

Կողմերը հաստատել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ Լավրովն ու Աբդոլահիանը մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Գազայի հատվածում, ինչպես նաև Կարմիր ծովում։

Ընդգծվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության արդիականությունը։

Իրանական կողմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են նաև Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացումը, ինչպես նաև Բելառուս-Ռուսաստան երթուղու երկայնքով իրանցի բեռնատարների վարորդների տեղաշարժը դյուրացնելու հարցը:

Ռեշտ-Աստարա երկաթգիծը Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Այն նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։

Ռուսաստանը և Իրանը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում համաձայնություն են ձեռք բերել Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա ճանապարհահատվածի համատեղ շինարարության մասին, որը կապահովի անցում դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։ Այն նախատեսված է մեկնարկել այս տարվա հունվարից։

Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի ստորագրումից հաշված ժամեր անց Վաշինգտոնը զգուշացրել է՝ եթե «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը օգտագործվի Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար, ամերիկյան նոր սանկցիաները չեն ուշանա։

Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի և Իրանի արտգործնարարները պատժամիջոցների բացասական հետևանքներին հակազդելու մասին համաձայնագիր ստորագրեցին։

Լավրովը հայտարարեց՝ փաստաթուղթը կամրապնդի երկու երկրների միջև փոխգործակցությունը «անօրինական» սահմանափակումների դեմ պայքարում, «որոնք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փոխարինում են դիվանագիտությանը»։

XS
SM
MD
LG