Մատչելիության հղումներ

Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը մտահոգել է Վաշինգտոնին


Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի ստորագրումից հաշված ժամեր անց Վաշինգտոնը զգուշացնում է՝ եթե «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը օգտագործվի Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար, ամերիկյան նոր սանկցիաները չեն ուշանա։

«Ցանկացած քայլ կամ նախագիծ, որ ձեռնարկվում է պատժամիջոցները շրջանցելու համար, մեզ խորապես մտահոգում է։ Կոնկրետ այս մի նախագծին ես դեռ որևէ գնահատական տալ չեմ կարող, բայց կան հստակ պատճառներ, որոնք մեզ ստիպում են դիմել նման կոշտ պատժամիջոցների, և դրանց շրջանցումը մեզ համար անչափ մտահոգիչ կլինի», - չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային հատվածի՝ 162 կիլոմետր երկարություն ունեցող Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարարության պայմանագիրը նախօրեին Թեհրանում ստորագրեցին Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազփաշը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։

Կողմերի համար համաձայնագրի ստորագրման կարևորությունն ընդգծում էր այն հանգամանքը, որ արարողությանը հեռավար կապի միջոցով մասնակցում էին նաև երկու երկրների նախագահները։

«Նոր միջանցքով իրականացվող փոխադրումները մրցակցային լուրջ առավելություններ կունենան։ Մասնավորաբար, այս նոր ուղով բեռների փոխադրումը Սանկտ Պետերբուրգից Մումբայ կտևի 10 օր՝ ավանդական տրանսպորտային երթուղիների 30-ից 45 օրերի համեմատ», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների և տրանսպորտային արևմտյան ուղիների փաստացի արգելափակման պայմաններում՝ Ադրբեջանի և Իրանի տարածքով ասիական երկրների հետ կապող այս նոր ուղին Մոսկվայի համար կարող է կենսական նշանակություն ունենալ։ Դա է պատճառը, որ չնայած շարունակվող լայնածավալ ռազմական գործողություններին ու պատժամիջոցների ծանր հետևանքներին՝ Ռուսաստանը նախօրեին պարտավորվեց 1 միլիարդ 300 միլիոն եվրոյի միջպետական վարկ տրամադրել Իրանին։ Դա, ի դեպ, Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության ողջ արժեքի մոտ 80 տոկոսն է կազմում։ Ակնկալվում է, որ Իրանի հյուսիսով անցնող այս երկաթուղու շինարարությունը կմեկնարկի արդեն 2024 թվականին և կտևի 4-ից 5 տարի։

Բաքվում համոզված են, որ նոր ստեղծվող «Հյուսիս-Հարավ» միջանցքը էլ ավելի կմեծացնի Ադրբեջանի տարածաշրջանային կշիռը՝ հաշվի առնելով, որ Իրանն ու Ռուսաստանը միմյանց կապող ամենակարճ ցամաքային ուղին իրենց տարածքով է անցնում։ Ռուսաստանի նախագահը երեկ ևս հարկ համարեց հատուկ խոսել այն կարևորության մասին, որն ունի Բաքուն այս նախագիծը կյանքի կոչելու գործում։

«Այս միջանցքի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը ծավալվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերության պայմաններում։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում եռակողմ ձևաչափում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային և բեռնատար փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի մշակումը ավարտին կհասցվի», - շեշտել է Պուտինը։

Այս ճանապարհին գլխավոր խոչընդոտը, սակայն, կրկին կարող են դառնալ արևմտյան պատժամիջոցները։ Դրանց պատճառով նախագծի ձգձգման փորձ Բաքուն արդեն իսկ ունի։ 2016-ին Ադրբեջանի Միջազգային բանկը Իրանին կես միլիարդ դոլարի վարկ էր տրամադրել այս նույն՝ Ռեշտ- Աստարա երկաթուղին կառուցելու համար։ Այդ գումարն այդպես էլ չէր հաջողվել ծախսել՝ Իրանի բանկային համակարգի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG