Մատչելիության հղումներ

Հայաստանն, Իրանն ու Հնդկաստանը քննարկում են տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր


Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարություններն այսօր քննարկել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր։

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ սրանք երեք երկրների գերատեսչությունների միջև նման՝ եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցություններն են։

«Նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2021 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը կոչ արեցին ստեղծել հայ-հնդկական տրանսպորտային կապ, որը կանցնի Իրանի և մասնավորապես նրա Չաբահար բեռնատար նավահանգստի միջով։

Հնդկաստանը Օմանի ծոցի նավահանգստում շահագործում է երկու տերմինալ՝ Իրանի, Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ բեռնափոխադրումներում Պակիստանը շրջանցելու համար:

Հնդկաստանի կառավարությունը նաև առաջարկել էր Չաբահարն ընդգրկել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային նախագծում, որը նախաձեռնել են Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը 2000 թվականին: Նախագիծը նախատեսում է 7200 կմ երկարությամբ ծովային և ցամաքային երթուղիների ցանց, որը ձգվում է Մումբայից մինչև Մոսկվա:

Միրզոյանն, իր հերթին, առաջարկել էր, որ հնդկական ընկերությունները Չաբահարն օգտագործեն բեռնափոխադրումների համար ոչ միայն Հայաստան, այլև հարևան Վրաստան, Ռուսաստան և նույնիսկ Եվրոպա։ Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հայաստանի կառավարական պատվիրակությունն առաջ է քաշել այս գաղափարը, երբ մարտի սկզբին այցելել է Նյու Դելի։

Հաղորդվում էր նաև, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կողմ է արտահայտվել նախագծին 2022 թվականի հուլիսին Երևան կատարած այցի ժամանակ:

Հայաստանը երկար ժամանակ ջերմ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ և վերջին մի քանի տարիներին խորացրել է իր կապերը Հնդկաստանի հետ, հատկապես հնդկական զենք արտադրողների հետ կնքված մի շարք պայմանագրերի միջոցով։ Բոլոր երեք երկրներն էլ հայտնել են Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի աճի մասին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներից հետո:

Հայ-հնդկական հարաբերությունները սկսեցին նկատելիորեն ակտիվանալ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Պակիստանը, որը մի շարք հարցերում Հնդկաստանի հետ հակամարտության մեջ է, Ադրբեջանին ցուցաբերեց դիվանագիտական և ռազմական աջակցություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG