Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս, հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեին։
Նա նշել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղու 162 կիլոմետրանոց հատվածը այս պահին իսլամական հանրապետության ամենակարևոր երկաթուղային նախագիծն է։
Ռեշտ-Աստարա երկաթգիծը Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Այն նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։
Մայիսի 17-ին Ռուսաստանը և Իրանը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում համաձայնություն են ձեռք բերել Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա ճանապարհահատվածի համատեղ շինարարության մասին, որը կապահովի անցում դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 մլրդ եվրո, այս հատվածի կառուցման համար կտրամադրվի միջպետական վարկ՝ 1,3 մլրդ եվրոյի չափով: Փաստաթղթի համաձայն, Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, շինարարությունը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը։
Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի ստորագրումից հաշված ժամեր անց Վաշինգտոնը զգուշացրեց՝ եթե «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը օգտագործվի Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար, ամերիկյան նոր սանկցիաները չեն ուշանա։