Մատչելիության հղումներ

Շառլ Միշել. «Ակներև է, որ Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին»


ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին հիասթափեցրել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ թե՛ Ռուսաստանի կեցվածքը և թե՛ Ադրբեջանի գործողությունները: Միշելն այդ մասին ասել է Euronews համաեվրոպական հեռուստակայանի Global Conversation («Գլոբալ քննարկում») ծրագրի թղթակցին: Ամբողջական հարցազրույցը պետք է վաղը հեռարձակվի։

«Բոլորի համար ակներև է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին: Նրանք այդ շրջանում տեղակայվել են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուսներն ուզում էին մտցնել զինծառայողներ, ովքեր պետք է խաղաղություն և անվտանգություն ապահովեին: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, և խաղաղապահների կողմից նույնիսկ չնչին արձագանք չեղավ: Մինչդեռ, Եվրոպական միությունն այնտեղ՝ գետնի վրա, ռազմական ներկայություն չունի»,- ասել է Միշելը։

Euronews-ը նշում է, որ Բաքուն ռազմական գործողությամբ վերջերս ամբողջական հսկողության տակ է վերցրել Լեռնային Ղարաբաղը: Հալածանքների չենթարկվելու համար Ղարաբաղից հեռացել են ավելի քան 100 հազար հայեր: Փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանի գործողությունները հավասարազոր են պատերազմի հանցագործության, իսկ Հայաստանը հարևանին մեղադրում է էթնիկ զտում իրականացնելու համար:

Euronews-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսներին քննադատել է Բաքվի կողմից ռազմական էսկալացիայի մասին վկայող ազդանշաններն անտեսելու և Ղարաբաղում ապրող հայերի պաշտպանությունը ձախողելու համար: Կրեմլը պատասխանել է, թե Փաշինյանն Արևմուտքի ազդեցությանն է ենթարկվել:

Շառլ Միշելն ակտիվ միջնորդական դեր է կատարել՝ համոզելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին բանակցել Բրյուսելում: Սակայն Եվրամիությունը քննադատության է ենթարկվել ոչ արդյունավետ միջնորդության, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու համար: Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ Միշելի միջնորդությունը բացարձակ ձախողում են որակել և դատապարտել են Եվրամիության ղեկավարներին Հայաստանի խնդրանքներն անտեսելու և ագրեսորի անունը չտալու համար:

Միշելը հերքում է քննադատությունը՝ պնդելով, որ Եվրոպայի միջնորդական ջանքերին զուգահեռ նման առաքելություն է իրականացրել նաև Միացյալ Նահանգները, և դա նպաստել է առաջխաղացում ապահովելու, մասնավորապես՝ գերիներին ազատելու գործին: Դա, ըստ Միշելի, ընձեռել է տարածաշրջանային կապերը բարելավելու հնարավորություն՝ ապագայում ավելի լավ կայունություն ապահովելու համար:

«Մենք նաև առաջընթաց ենք գրանցել տեքստերում, որոնք կլինեն ապագա խաղաղության համաձայնագրում: Բայց այդ ամենի հետ մեկտեղ ես պետք է նշեմ, որ չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի գործողություններից, և ես այդ մասին ուղիղ հայտնել եմ նախագահ Ալիևին», - ընդգծել է Շառլ Միշելը:

Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կշարունակի սատարել Հայաստանին, որը հիմա մեծ թվով փախստականների է ընդունում Ղարաբաղից, և կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել:

Միշելը հայտարարել է նաև, որ Եվրոպական միությունը քաղաքական և դիվանագիտական բոլոր խողովակներով ընդգծել է և հետագայում էլ կհավաստի իր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Մենք չենք նահանջի», - վստահեցրել է ԵՄ խորհրդի նախագահը:

Առաջիկայում Գրանադայում նախատեսվում է հնգակողմ հանդիպում, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Եվրոպական միության նախագահը:

«Խաղաղության բանակցություններում երկու կողմերից են անհրաժեշտ պարտավորություններ, բայց հիմա առավել մեծ է ռազմական գործողություն նախաձեռնած Ադրբեջանի պատասխանատվությունը: Ադրբեջանը պետք է ցույց տա, որ ուզում է հարգել միջազգային օրենքները, պաշտպանել և երաշխավորել ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի անվտանգությունը»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Միաժամանակ, Միշելը զերծ է մնացել Ադրբեջանի քայլերն էթնիկ զտում անվանելուց: Նա ընդունել է, որ Ադրբեջանը Եվրամիության գործընկերն է, սակայն գործընկերների միջև կան խնդիրներ: Նա մերժել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված քննադատությունն առ այն, թե Եվրոպան հանուն բնական գազի աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա:

«Ես հասկանում եմ այդ փաստարկը, բայց այն ճիշտ չէ, Եվրոպան ապացուցեց, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո կարողացել է դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները», - ասել է Միշելը:

«Արդյո՞ք Եվրամիությունը կարող է վերանայել գազի գործարքը Բաքվի հետ», - պատասխանելով այդ հարցին՝ Շառլ Միշելն ասել է. - «Իհարկե, այն, ինչ մենք հիմա պետք է անենք, այն է, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի կարողանանք ամուր և անվիճելիորեն ապահովել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»:

«Մենք կխրախուսենք կայունացման գործընթացը, որը կարող է հանգեցնել երկու կողմերի պարտավորություններին` հարգելու իրենց խոստումները: Եվ բացարձակ առաջնահերթությունը տարածքային սահմանների շուրջ բանակցությունների ապահովումն է», - հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG