Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլիի հերթական վերադարձը


Վրաստանի ամենահարուստ գործարարն ու 2012 թվականից երկիրը կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը՝ Բիձինա Իվանիշվիլին, կրկին վերադառնում է քաղաքականություն՝ երկրորդ անգամ վերջին հինգ տարիների ընթացքում։ Ներքաղաքական պրոցեսներում ներգրավվելու մասին Իվանիշվիլին հայտարարեց Ամանորից հաշված ժամեր առաջ՝ «Վրացական երազանք» կուսակցության համագումարի ժամանակ։

«Ուղիղ երեք տարի առաջ ես հանրությանը հայտնեցի ակտիվ քաղաքական գործընթացներից տարանջատվելու իմ որոշման մասին։ Այժմ, սակայն, դրանից երեք տարի անց իմ սեփական նախաձեռնությամբ ես կրկին վերադառնում են քաղաքական կյանք՝ արդեն որպես կուսակցության պատվավոր նախագահ», -հայտարարել է Իվանիշվիլին։

Ծափողջյուններով ընդունված այս որոշման մասին հայտարարելուց հետո Իվանիշվիլին նշեց, որ կուսակցության գործերի ամենօրյա կառավարմանը չի մասնակցի՝ ավելի շատ որպես խորհրդատու հանդես գալով։ Իվանիշվիլին նաև հատուկ ընդգծել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնին չի հավակնում։ «Վարչապետի փոփոխություն չի լինելու», - դիմելով կուսակիցներին՝ ասել է Իվանիշվիլին։

Համագումարի կուլիսներում էլ «Վրացական երազանքի» հիմնադիրը երկարատև դադարից հետո առաջին անգամ որոշեց շփվել լրագրողների հետ։ Այս զրույցի ընթացքում էր, որ Բիձինա Իվանիշվիլին նախ հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իր վերադարձը ակտիվ քաղաքական կյանք կապված է իշխող կուսակցության վարկանիշի կտրուկ անկման և առաջիկա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում հնարավոր պարտության հետ։

«Այսօր «Վրացական երազանքի» իրական վարկանիշը 60 տոկոս է։ Ընդդիմության կողմից հրապարակվող կեղծ հետազոտությունների տվյալները իրականության հետ որևէ կապ չունեն։ 2024 թվականի ընտրություններում «Վրացական երազանքը» հաստատ կհաղթի», - պնդել է Իվանիշվիլին։

Ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի հարցին էլ ի պատասխան, թե արդյո՞ք իր վերադարձը քաղաքական ասպարեզ հնարավոր արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձ չէ, Իվանիշվիլին նշել է. «Ես արդեն իսկ դե ֆակտո պատժամիջոցների տակ եմ։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց, կոպտորեն շրջանցելով օրենքը, իմ [ֆինանսական] ակտիվները սառեցվեցին։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս ընդդիմությանը բաց դռներ չկոտրել՝ անընդհատ կոչ անելով ինձ պատժամիջոցների ենթարկել։ Դա արդեն իսկ տեղի է ունեցել»։

Վրացական ընդդիմությունը Իվանիշվիլիի վերադարձը յուրովի է մեկնաբանում՝չհավատալով ոչ իշխող կուսակցության բարձր վարկանիշի, ոչ էլ վրաց օլիգարխի լուրջ քաղաքական հավակնությունների բացակայության մասին պնդումներին։

«Իվանիշվիլին քաղաքականություն է վերադառնում՝ հասկանալով, որ առաջիկա ընտրություններում իր ղեկավարած ուժի պարտությունն անխուսափելի է», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ընդդիմադիր առաջատար ուժի՝ «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Լևան Խաբեիշվիլին։

«Նախորդ անգամ, երբ Իվանիշվիլին հեռանում էր քաղաքականությունից, նա հայտարարեց, թե կվերադառնա միայն աղետի դեպքում։ Փաստորեն աղետը տեղի է ունեցել», -գրել է ընդդիմադիր գործիչը։

Իվանիշվիլիի նախկին թիմակից, նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, որին «Վրացական երազանքի» հիմնադիրը մի շարք քննադատական խոսքեր ուղղեց իր վերջին ելույթում, ևս վստահ է՝ վերջին զարգացումների պատճառը իշխող ուժի աճող անվստահությունն է։

«Իվանիշվիլիի հնչեցրած արդարացումները շատ թույլ էին, իսկ նրա նետած մարտահրավերը մենք ընդունում ենք», - X-ի իր օգտահաշվում գրել է Գախարիան։

Թբիլիսցի վերլուծաբանների համոզմամբ ևս՝ Իվանիշվիլիի անսպասելի որոշման դրդապատճառները կարող են ոչ այնքան ներքաղաքական լինել, որքան անձնական և թիմային։ Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի համոզմամբ, օրինակ, Իվանիշվիլին ստիպված է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, քանի որ այլևս ի վիճակի չէ իր հարստացած քաղաքական թիմի ստվերային կառավումն իրականացնել։

«Ես Իվանիշվիլիի այս քայլում քաղաքական տրամաբանություն չեմ տեսնում։ Այս ամենում, ըստ իս, դեր են խաղացել միայն նրա անձնական դրդապատճառները, տագնապներն ու ռիսկերը։ Համագումարի ընթացքում Իվանիշվիլին հայտարարում էր, թե վերջին տարիներին կուսակցության ներսում որոշակի շահառու խմբեր են հայտնվել, որոնք շատ փող են վաստակել, իսկ մեծ գումարները նաև մեծ հավակնություններ են ծնում։ Ըստ ամենայնի, այդ մարդկանց հեռվից կառավարելն այլևս խնդրահարուց է դարձել, ուստի Իվանիշվիլին որոշել է իր ստեղծած համակարգի կայունությունը վերականգնել ամենօրյա, այսպես ասած՝ մանուալ կառավարման միջոցով»,-պնդել է Խուխաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG