Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության համագումարը։ 350 պատվիրակներ հաստատել են կուսակցության քաղաքական խորհրդի կազմը։ Կանոնադրության մեջ կատարված փոփոխությամբ՝ քաղխորհրդում նախագահի հետ միասին կլինի 15 կուսակցական:
«Վրացական երազանք»-ի քաղաքական խորհրդի կազմում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, խորհրդարանի փոխխոսնակները և հանձնաժողովների ղեկավարները:
Համագումարում հաստատվել է կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը, որը զբաղեցրել է կուսակցության հիմնադիր, միլիարդատեր գործարար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Դրանով նշանավորվել է Իվանիշվիլիի պաշտոնական վերադարձը քաղաքականություն, սակայն նա այսօր համագումարից հետո հայտարարել է, թե կառավարության կազմում փոփոխություններ չեն լինի: «Ես չեմ առաջադրվի վարչապետի թեկնածու, վարչապետը չի փոխվի», - ասել է Իվանիշվիլին։