Մատչելիության հղումներ

Փաշինյան. ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ


Հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից ստանձնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահությունը, «ինչի կապակցությամբ մենք անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության հույս ունենք` մեր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում:

Նա խորհրդանշական է համարել, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման տասնամյակին, «որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։ «Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը», - ընդգծել է Փաշինյանը:

«ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Այս համատեքստում, հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է ԵԱՏՄ միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա»:

Հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, ասել է Փաշինյանը և հավելել. - «Լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Իրանի հետ առևտրատնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և հնարավորություն կտա ամուր պայմանագրային հիմք ստեղծել համատեղ ծրագրերի համար»։

Միևնույն ժամանակ, ընդգծել է Հայաստանի վարչապետը, ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ: Նա նշել է անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը։

«Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով», - Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ նշել է Փաշինյանը:

«Մեկ այլ հիմնավորապես կարևոր խնդիր է մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ։

Այս ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, մասնավորապես, արհեստական բանականության գործնական կիրառությունների լույսի ներքո, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական գործունեության տվյալների ավելի արագ հավաքագրման և արդյունավետ վերլուծության համար», - ասել է վարչապետը:

«Հայտնի է, որ Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար։ Սա մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման և վարչարարության անխափանությունը, մենք կունենանք ԵԱՏՄ հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ զարգացնելու բացառիկ հնարավորություն։

Մեկ այլ արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ ապրանքների և բեռների թվային հետագծելիության ժամանակակից համակարգերի ներդրումը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչը երաշխավորում է «չորս ազատությունների» իրականացումն առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու՝ դրանով իսկ ԵԱՏՄ ներսում տեխնիկական հիմք ապահովելով արդյունավետ համագործակցության համար», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

«Բոլորիս համար այս դժվարին պահին պետք է ջանքերը կենտրոնացվեն ԵԱՏՄ ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին այսօրվա միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։

XS
SM
MD
LG