Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը Արցախը լուծարելու հրամանագիրը չեղարկելու և կառավարման նոր մարմին ստեղծելու հնարավորություն է տեսնում


Սամվել Բաբայանն Արցախի հանրապետությունը մինչև հունվարի 1-ը լուծարելու նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու և կառավարման նոր մարմին ստեղծելու հնարավորություն է տեսնում։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի համոզմամբ՝ Արցախի խորհրդարանը կարող է դիմել Գերագույն դատարան՝ այդ հրամանագրի օրինականությունը որոշելու հարցով։

«Եթե չի համապատասխանում, ապա կհեռացնի այդ կետերը խախտելու համար այդ նախագահին և կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ժողովրդի վերաբնակեցման խնդիր կամ բանակցությունների խնդիր և այլն, լուծել», - ասաց Բաբայանը:

«Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավարն անցած շաբաթ օրն ասել էր, թե առաջիկա օրերին Արցախի խորհրդարանական ուժերը պետք է հավաքվեն՝ իր առաջարկը քննարկելու համար։ Բաբայանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ քննարկում տեղի չի ունեցել։

Արամ Հարությունյանի պնդմամբ՝ պետք է հասկանալ, թե քաղաքական առումով ի՞նչ է տալու այդ հրամանագրի չեղարկումը

Արցախի իշխող «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ առայժմ որևէ քննարկման չեն մասնակցել։ Ճիշտ է, իրավաբանական հանրությունը Արցախը լուծարելու հրամանագրի օրինականությունը քննարկելու հիմքեր տեսնում է, բայց արցախցի պատգամավորի համոզմամբ՝ պետք է նաև հասկանալ, թե քաղաքական առումով ի՞նչ է տալու այդ հրամանագրի չեղարկումը և որո՞նք են լինելու դրան հաջորդող քայլերն ու վերջնական նպատակը։

«Նաև հետևանքների մասին մտածենք՝ ո՞ւր ենք տանելու սա, ո՞նց ենք կապիտալիզացնելու: Այս կոնտեքստում պետք է քննարկում տեղի ունենա, ինձ թվում է», - նշեց Արամ Հարությունյանը:

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ մեզանից է տեղեկանում, թե Արցախը լուծարելու հրամանագրի շուրջ պետք է նման քննարկում տեղի ունենա։ Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ շեշտում է՝ Բաբայանից բացի շատերն են նման առաջարկով հանդես եկել։

«Հասկանալի է բոլորիս համար էլ, որ որևէ պաշտոնյա իրավունք չունի ժողովրդի հանրաքվեն ինչ-որ մի ստորագրությամբ չեղարկի»

«Իր մոտեցումները մի քիչ այլ են, որի մասին ես հետո կխոսեմ: Ինձ նման քննարկման ոչ առաջարկ է եղել, ոչ էլ ես հիմա կքննարկեմ: Մենք էդ հրամանագիրը ստորագրելու հաջորդ օրվանից քննարկումների մեջ ենք ու այդ հրամանագիրն այսօր ուժ չունի արդեն իսկ, հասկանալի է բոլորիս համար էլ, որ որևէ անձ կամ քաղաքական ուժ, պաշտոնյա իրավունք չունի ժողովրդի հանրաքվեն ինչ-որ մի ստորագրությամբ չեղարկի», - ասաց Գալստյանը:

Սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, որն այժմ Երևանում է, մինչև այս պահը որևէ կերպ չի անդրադարձել իր որոշմանը, չի բացատրել, թե ինչո՞ւ գնաց այդ ծայրահեղ քայլին։

Շահրամանյանի հրամանագրի օրինականությունը վիճարկելուց բացի, Սամվել Բաբայանը նաև խոսել է արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորության մասին՝ շեշտելով, որ դա հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի կարգավիճակ տալ և քննարկել այն փաթեթը, որը մինչև սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունները ինքն ուղարկել էր Բաքուն։ Բաբայանը շեշտում է՝ եթե Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակ չստանա, ապա արցախցիները ետ չպետք է գնան։

«Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի է պատրաստ և ինչ բանակցությունների է պատրաստ: Այն ինչ-որ մենք մինչև այդ փաթեթն ուղարկել ենք, եթե դրա շրջանակներում պատրաստ է բանակցությունների, ապա կասենք դրա մասին, այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք ում ենք տալիս և ով է բանակցելու: Եթե մենք հատուկ կարգավիճակ չստանանք, մենք որևիցե տեղ չենք գնալու և արցախցիները չեն գնալու վերաբնակեցման», - ընդգծեց նա:

Չնայած Ադրբեջանը կտրականապես է մերժել որևէ կարգավիճակի տրամադրումը Լեռնային Ղարաբաղին, ավելին, Ալիևն արդեն Ստեփանակերտում սեփական պարետին է նշանակել, Բաբայանը պնդում է, թե մինչև սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը, Բաքուն պատրաստ էր քննարկել և քննարկել է իր ուղարկած 23 կետից բաղկացած փաթեթը, որի մեջ նաև խոսվում է գերիների վերադարձի մասին։

Մինչդեռ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Սամվել Բաբայանից բացի որևէ մեկը տեսել է Բաքու ուղարկած նրա փաթեթը: Ընդդիմադիր պատգամավորը նաև հիշեցնում է՝ Բաբայանը ժամանակին ասում էր, թե վերջինը դուրս կգա Արցախից։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը տեղահանման հենց առաջին օրերին հասավ Հայաստան, իր պնդմամբ, Հակարիի ադրբեջանական անցակետով։

XS
SM
MD
LG