Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը լուծարելու վերաբերյալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի սահմանադրականության հարցով ԱԺ անունից դիմել ԼՂ Գերագույն դատարան։
Կուսակցությունը տեղեկացնում է՝ բռնատեղահանվելուց և Հայաստանում ապաստանելուց երկու շաբաթ անց Արցախի ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ օրակարգ են փոխանցել Արցախի խորհրդարան։
Ըստ այդմ՝ առաջարկվում է խորհրդակցություն հրավիրել Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, ձևավորել արցախցիների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի կոմիտե և կոմիտեին օժտել միջազգային հանրության և Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ։
Կուսակցությունը միևնույն ժամանակ հայտարարում է, որ խորհրդարանականները չեն համաձայնել մասնակցել վերոնշյալ օրակարգով խորհրդակցությանը։ Պատճառների մասին «Միասնական հայրենիք»-ի հայտարարությունում չի նշվում։