Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լաչինի միջանցքից երկու օր առաջ առևանգված 3 երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցով՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Բաքուն ուսումը շարունակելու համար Հայաստան եկող արցախցի ուսանողներին՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին մեղադրում է ադրբեջանական դրոշն անարգելու համար ու հայտարարում, թե տասնօրյա կալանքից հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։
Հայաստանը պահանջել է հրատապ պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել գերեվարվածների կյանքի իրավունքն ու ֆիզիկական անվտանգությանը Մարդու իրավունքների և կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Ինչպես տեղեկացնում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, հիմնավորել են, որ Ադրբեջանի՝ տարիների ընթացքում դրսևորած վարքագիծը էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրում առկա ատելության մթնոլորտը՝ ռիսկեր են ստեղծում, որ այդ երկրում կարող են խախտվել երիտասարդների հիմնարար իրավունքները։
«Նրա հիմնարար իրավունքների խախտման համար: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի պայմաններում, ինչպիսի հանգամանքներում է անձը հայտնվել Ադրբեջանի տիրապետության տակ, այս հիմնավորմամբ է ներկայացվում ու նաև, մեր գնահատմամբ, այն, որ նման վարքագիծը, այսինքն, առանց բավարար հիմքերի անձին ձերբակալելը կամ ազատությունից զրկելը չի համապատասխանում կոնվենցիայով ստանձնած Ադրբեջանի պարտավորություններին, նաև այս հիմքով», - ասաց Դրմեյանը:
Տղաների ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չհաջողվեց, միայն տեղեկացանք, որ նրանք անհանգիստ սպասում են Ադրբեջանի նշած ժամկետի լրանալուն, հասկանալու Բաքվի իրավապահները կպահե՞ն խոստումը և ազատ կարձակեն նրանց, թե՝ ոչ։
ՄԻԵԴ-ը մերժել է Վագիֆ Խաչատրյանի հարցով Ադրբեջանի դեմ նոր միջանկյալ միջոցի Հայաստանի պահանջը
Մինչ այդ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի ներկայացրած՝ հրատապ միջոցի կիրառման մեկ այլ պահանջ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ, հայկական կողմը պահանջել էր միջոց կիրառել ապահովելու նրա կյանքի անձեռնմխելությունն ու ֆիզիկական անվտանգությունը, ՄԻԵԴ-ը առանձին միջոց չի կիրառել, սակայն հղում է արել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցին՝ հիշեցնելով, որ այն նաև Վագիֆ Խաչատրյանի վրա է տարածվում։
«Ադրբեջանին հիշեցվել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ 2020 թվականի դատարանի կայացրած միջանկյալ միջոց կիրառելու այն որոշումը, որը նաև պաշտպանության տակ է վերցնում Ադրբեջանում գտնվող բոլոր քաղաքացիական անձանց ու ռազմագերիներին՝ անկախ նրանց Ադրբեջանի տիրապետության տակ հայտնվելու ժամանակահատվածից, և նաև պարտավորեցրել է Ադրբեջանին որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն տրամադրել Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի, կացության ու նրա նկատմամբ ընթացող քրեական գործի վերաբերյալ», - նշեց Լիպարիտ Դրմեյանը:
Հետագայում դատարանն ավելի մանրակրկիտ պետք է քննի արդյո՞ք Ադրբեջանում հարուցած քրեական գործը իրավաչափ է, թե՝ ոչ, ունեցել է արդյո՞ք Խաչատրյանը հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը, թե՝ ոչ և այլն, այս ամենն արդեն բուն գանգատի քննության ընթացքում։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին Լաչինի միջանցքից մեկ ամիս առաջ, երբ նա Կարմիր խաչի մեքենայով տեղափոխվում էր Երևան սրտի հրատապ վիրահատության. Բաքվում պնդում են, թե նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել դեռ 2013-ին և նույնիսկ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Խաչատրյանի ընտանիքը, սակայն, վստահեցնում է, Ադրբեջանը կեղծ ու հորինված մեղադրանքներ է ներկայացրել։ Նրա դուստրը՝ Վերան այսօր այս մասին պատմել է նաև Գորիս գնացած Փարիզի քաղաքապետին։
«Տեղեկացրել եմ, որ հայրս անմեղ է, ոչ մի աղերս չունի ներկայացված այդ անհեթեթ հանցանքների հետ, ինչպես մնացածին եմ հորդորել, խնդրել օգնել այս հարցում, նույնն էլ Փարիզի քաղաքապետին», - ասաց Խաչատրյանի դուստրը:
Վերան հոր մասին վերջին անգամ տեղեկություն ստացել է օգոստոսի 18-ին Կարմիր խաչի միջոցով, նրա առևանգումից ի վեր, սակայն, հնարավորություն չեն ունեցել ձայնային կամ տեսազանգով խոսելու հոր հետ. - «Միայն գրավոր նամակ, սակայն ես ոչ մի կազմակերպության չեմ կարող վստահել մինչև հեռախոսակապ կամ տեսակապ չունենանք մեր հայրիկի հետ: Բանավոր խոսքը չի կարող հիմք հանդիսանալ»:
Վագիֆ Խաչատրյանի կինը Արցախում է, որտեղ, դստեր խոսքով, գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, ասում են՝ փորձում են հույսը չկորցնել, որ Խաչատրյանը տուն գա, իսկ Բաքվում նա շուտով կկանգնի դատարանի առջև՝ մեղադրվելով 1991 թվականին գյուղերից մեկի վրա «զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։