Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀՀ-ում ռուսերենի ուսուցման բարելավման հարցեր


Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հայկական կողմի փոխանցմամբ, նախարարն ու դեսպանը քննարկել են Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը, կարևորել կրթական ծրագրերի արդիականացումը և զարգացումը: Քննարկվել են նաև սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում կայանալիք Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի, Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման հետ կապված հարցեր:

Կոպիրկինը կարևորել է նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանում կազմակերպվելիք սպորտային մրցաշարերին հայ մարզիկների մասնակցությունը:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռուսական դպրոցներ բացելու շուրջ ընթացող բանակցությունների մասին հայտնի է դարձել դեռ անցյալ տարվանից, երբ դեկտեմբերին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվեց աշխատանքային խումբ ստեղծել ու քննարկել այդ հարցը։

Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու մասին պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Անցյալ տարի հունիսին Երևանում Լավրովն ասաց՝ աշխատում են հանրապետությունում ավելացնել ռուսական դպրոցների քանակը, օգնում են բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը։

Այս տարվա հունիսին Ռուսաստանի լուսավորության փոխնախարար Դենիս Գրիբովը հայտարարեց, որ Հայաստանի հետ երկխոսություն է ընթանում 4 ռուսական դպրոցի կառուցման շուրջ, իսկ օգոստոսի վերջին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նախ շեշտեց, թե ավելի քան 5 հազար հայ ուսանող է սովորում Ռուսաստանի համալսարաններում, ապա հայտարարեց՝ կշարունակեն աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը։

XS
SM
MD
LG