Մատչելիության հղումներ

«Համաս»-ը մերժել է մեկշաբաթյա հրադադարի մասին Իսրայելի առաջարկը


ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը մերժել է տասնյակ պատանդների դիմաց Գազայի հատվածում ռազմական գործողությունները մեկ շաբաթով դադարեցնելու Իսրայելի առաջարկը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին։

Երեկ Քաթարի մայրաքաղաք Դոհայում «Համաս»-ի լիդեր Իսմայիլ Հանիյան բանակցություններ է վարել Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում մարդասիրական նոր դադարի հնարավորության շուրջ, սակայն հանդիպումն, ըստ թերթի աղբյուրների, ավարտվել է անարդյունք։

The Wall Street Journal-ը տեղեկացնում է, որ Իսրայելը ձգտում է ազատ արձակել 40 պատանդների, ինչպես նաև շտապ բժշկական օգնության կարիք ունեցողների՝ դրա դիմաց առաջարկելով մեկ շաբաթով դադարեցնել ցամաքային և օդային գործողությունները Գազայի հատվածում և թույլատրել հումանիտար օգնություն հասցնել պաղեստինյան բնակչությանը։

Սակայն ծայրահեղական «Համաս»-ի պատվիրակության անդամները եգիպտացի միջնորդներին ասել են, որ ցանկացած հնարավոր գործարքի քննարկումից առաջ Իսրայելը նախ պետք է դադարեցնի հարձակումը, դուրս բերի իր զորքերը և բանտերից ազատի բոլոր պաղեստինցի բանտարկյալներին, հաղորդում է WSJ-ը՝ վկայակոչելով «Համաս»-ի հայտարարությունը։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դեյվիդ Բարնեան հայտարարել է, որ եթե «Համաս»-ը ցանկանում է դադարեցնել պատերազմը, ապա պետք է վայր դնի զենքը և Իսրայելին հանձնի Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ի հարձակման համար պատասխանատու ղեկավարներին։

Նոյեմբերի վերջին հումանիտար առաջին հրադադարի ժամանակ երկու կողմից տասնյակ պատանդներ ու կալանավորված անձինք ազատ էին արձակվել, սակայն միջնորդներին չէր հաջողվել հասնել հրադադարի երկարաձգմանը։

XS
SM
MD
LG