Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է «Խոջավենդի» (Հադրութ) և Խոջալուի շրջաններ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք, մասնավորապես, եղել են այս տարվա սեպտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կարմիր Շուկա գյուղում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Կարմիր Շուկան «ռազմավարական շահավետ դիրք ունի կարևոր ճանապարհների խաչմերուկում»։
Իլհամ Ալիևըն ու Մեհրիբան Ալիևան այցելել են նաև տեսնելու Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ավելի քան 2000 տարեկան չինարի (տնջրի) ծառը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ երեկ Լաչինի շրջանում էր։ Նա Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպել է այդ շրջանում ծառայող զինվորականների հետ։
Հասանովը զննել է զինտեխնիկան և ստուգել անձնակազմի պատրաստվածությունը։ Նա հանձնարարել է բարձրաստիճան սպաներին բարելավել զինվորականների սոցիալական և կենցաղային պայմանները և բարձր մակարդակի վրա պահել մարտական պատրաստվածությունը: