Կիրակի օրը Արցախի Մարտունու շրջանում ականի պայթյունից քաղաքացիական անձ է վիրավորվել, այսօր հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
«Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997թվականին) պայթել է ականի վրա: Վերջինս տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա», - ասված է հաղորդագրությունում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: