Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տնտեսական իրերի խանութի հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ է ստացել տնօրենը։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
Այրվածքաբանական ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանի խոսքով՝ «գնահատվել է վիճակը ծայրահեղ ծանր, հիվանդը բուժվում է վերակենդանացման բաժանմունքում, բուժումը ընթանում է, ընթացքը կերևա արդեն»: «Այն, որ վիճակը ծայրահեղ ծանր է, վերակենդանացումը՝ կարծում եմ ամեն ինչ ասում է», - հավելեց Բաբայանը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, հայտնի չէ։ Առայժմ միայն ենթադրություններ են: Սեփականատիրոջ եղբայրն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հնարավոր է տաքացուցիչն է եղել պատճառը. - «Ձմեռ է, մի բան վառել են տաքանալու, բանի, կարող է դրանից է հրդեհվել: Կարող է, չգիտեմ ես»:
Տարածքը երևանցիներին «պարսկական խանութներ» անունով է հայտնի։
Հարևան խանութում աշխատող ականատեսը պատմեց՝ ուժեղ պայթյուն են լսել ու դուրս եկել, տեսել՝ հրդեհ է, անմիջապես փորձել են մարել տնօրենի հագուստի կրակը։ Ըստ նրա՝ խանութում այդ պահին հաճախորդներ չեն եղել. - «Հաց էինք ուտում, էդ ընթացքում գմփոց դուս էկավ, դուս էկա՝ տեսա արդեն խանութն է պայթել: Իրան ենք հանգցրել էդ պահին, ուշքումիտքներս ինքն էր, էլի, չէինք կարա թողեինք իրան, խանութը հանգցնեինք: Կանչինք շտապօգնություն, մեկ էլ հրշեջ ծառայությունը, ու էդքան բան, էլի: Կարևորը ինքն ա մեր համար էղել, էդ պահին ինքն ա ուշքումիտքներս եղել: Թեթևակի այրվել է, էլի, ձեռքը, մեկ էլ գլուխը իր: Ուղղակի էն պահին հասցրինք, որ մենք իրան օգնեցինք, էդ այրված բաները սաղ վրից վերցրինք՝ շորերն էր կպել, մեկ էլ պլաստմասը գլխին էր ընկել: Ես մի քիչ բան էղել, դա ոչինչ: Կարևորը՝ ինքը լավ լինի»:
«Մի քանի հոգով օգնել ենք: Կարևորը՝ ինքը դուս ա եկել, էդ պահին, մարդ չի եղել մեջը, մնացածը նորմալ ա», - շարունակեց հարևան խանութի աշխատողը՝ հաստատելով, որ պայթյունն ուժեղ էր. - «Հա դե, գազի բալոն ա, վալնա [ռուսերեն՝ ալիք] ա, էդ պահին պայթյուն տվեց, մենք ասինք՝ ավտո երևի խփեցին իրար, դուրս էկանք տեսանք՝ արդեն շուշեքը տրաքել էր: Գազի բալոն էր, դե իհարկե»:
Ըստ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության՝ մոտ 50 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր։ Խանութի առջևում պահպանվել էին պլաստմասե ծաղկամանների, աթոռներ, սեղանների մի մասը։
Արդյոք խանութում կրակմարիչ եղե՞լ է, ներսում պահպանվե՞լ են հակահրդեհային կանոնները. սեփականատիրոջ եղբայրը կարճ մեկնաբանությունից հետո հարցերի չպատասխանեց։ Ասաց՝ հրդեհի ժամանակ տարածքում չի եղել՝ «նոր եկա»:
Քրեական գործ այս պահին դեռ հարուցված չէ, իսկ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Ազատությանը» հայտնեցին՝ իրենք հրդեհված խանութում ստուգումներ չեն անցկացրել, նվազ ռիսկային են համարել մասնավոր խանութը։
Ըստ խոսնակ Ելենա Զոհրաբյանի՝ «տեսչական մարմնի ստուգումները կազմակերպվում և պլանավորվում են համաձայն «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի», և տարեկան ստուգումների ծրագրում ներառվում են հիմնականում բարձր ռիսկայնության օբյեկտները, առևտրի կենտրոնները»: «Իսկ առանձին կրպակներ, ինչպիսին է, օրինակ, նշված խանութը, ըստ մեր ռիսկայնության մեթոդաբանության այս տարվա տարեկան ստուգումների պլանում ներառված չի եղել՝ հաշվի առնելով միգուցե իր ռիսկայնության աստիճանը», - հավելեց Զոհրաբյանը:
Անցած տարի Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ զոհվեց, այդ թվում՝ մանկահասակ մի երեխա։
Այս ողբերգական դեպքից հետո և առաջ մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են՝ շինհրապարակներից սկսած մինչև բենզալցակայաններ, սննդի ու առևտրի կենտրոններ, տարրական անվտանգության կանոնները չեն պահպանվում, հանրային վայրերում անգամ որոշ դեպքերում կրակմարիչներ չեն լինում։
Հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պատճառաբանում են, թե միայն Երևանում հազարավոր հանրային օբյեկտներ կան, որ ստուգման կարիք ունեն, բայց իրենք բավարար թվով աշխատակիցներ չունեն։