Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիրներն Ալիևի դեմ պատժամիջոցներ են պահանջում․ ձերբակալությունները երկրում շարունակվում են


Ադրբեջան - Ոստիկանությունը ճնշում է հերթական բողոքի ակցիան, արխիվ
Ադրբեջան - Ոստիկանությունը ճնշում է հերթական բողոքի ակցիան, արխիվ

Ադրբեջանի ընդդիմությունն Արևմուտքից պահանջում է պատժամիջոցներ սահմանել երկրում բռնաճնշումների հերթական ալիք նախաձեռնած Ալիևի վարչակազմի դեմ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում այդ երկրում տասը լրագրող է ձերբակալվել, ճաղերի ետևում են հայտնվել նաև մի խումբ ընդդիմադիր առաջնորդներ և քաղաքական ակտիվիստներ։

«Երկրում օրեցօր վատթարացող սոցիալական վիճակի և խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին իշխանությունները փորձում են ապահովագրել իրենց ներքին վտանգներից՝ սաստկացնելով բռնաճնշումները», - հայտարարել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիան՝ միջազգային հանրությանը հորդորելով «անտարբեր չմնալ Ադրբեջանում ռեպրեսիվ ռեժիմի անմարդկային գործողությունների նկատմամբ և հասցեական պատժամիջոցներ կիրառել իշխող ռեժիմի դեմ, որը դարձել է մարդու իրավունքների և ազատությունների թշնամի»։

Վաշինգտոնն անտարբեր չէ և խորը անհանգստությամբ է հետևում ընդդիմադիրների ձերբակալություններին, Բաքվում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն է արձագանքել՝ կոչ անելով Ալիևի վարչակազմին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, այդ թվում՝ անցած հանգստյան օրերին կրկին ճաղերի ետևում հայտնված ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուին. իրավապահները նախկին քաղբանտարկյալին այս անգամ մեղադրում են «խարդախության, խոշոր չափի վնաս հասցնելու» մեջ։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է նաև հայտնի իրավապաշտպան Էլչին Մամեդիին, որին խուլիգանության մեջ է մեղադրում, և այսօր խուզարկություն է իրականացրել նրա տանը։ Մամեդին ևս նախկին քաղբանտարկյալ է, իշխանության կոշտ քննադատը, ով այս օրերին աշխատում է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկույցի վրա, նշում է «Թուրան»-ը։

Արդյոք պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ՝ Պետքարտուղարության խոսնակը չի հստակեցնում: Մեթյու Միլլերը հերթական անգամ հայտարարել է՝ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, Միացյալ Նահանգների համար անընդունելի է:

«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորման վերջին միտումը խորապես մտահոգում է։ Ավելի քան մեկ տասնյակ քննադատներ են ձերբակալվել միայն վերջին մեկ ամսվա ընթացքում։ Սա անընդունելի է», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը մտադիր է չսպասել կենտրոնական իշխանության որոշմանը և ինքնուրույն պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ։ Նահանգից ընտրված Դեմոկրատական կուսակցության սենատոր Էնդրյու Ցվիկերն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել Նյու Ջերսիի և Ադրբեջանի միջև ֆինանսական, առևտրային գործարքները՝ ընդհուպ բանկային փոխանցումները։

Հատկապես Նյու Ջերսիի ամենահոծ բնակեցված քաղաքի՝ Նյուարքի հետ Ադրբեջանն ակտիվ կապեր ունի, երկու տասնամյակ առաջ Նյուարքն ու Ադրբեջանի երկրորդ խոշորագույն Գյանջա քաղաքը քույր քաղաքներ են հռչակվել:

«Հաշվի առնելով, որ Նյու Ջերսիի օրենքն արգելում է պետական հարաբերություններն այն երկրների հետ, որտեղ մարդու իրավունքների խախտումներ կան, նահանգի շահերից է բխում նմանօրինակ քաղաքականությունը նաև Ադրբեջանի նկատմամբ», - ասվում է դեմոկրատ սենատորի օրենսդրական նախաձեռնությունում:

Առայժմ հստակ չէ, թե որքան հեռուն կարող է գնալ Ցվիկերի առաջարկը, մինչ այդ, անցած տարիներին ամերիկյան օրենսդիր մարմնում բազմիցս է քննարկվել Ադրբեջանի իշխող ընտանիքի նկատմամբ պատժամիջոցների հարց, սակայն նախաձեռնությունները երբեք օրենքի տեսք չեն ստացել:

«Ալիևը Արևմուտքի համար լավ բռնապետ է»

Ժալա Բայրամովա, արխիվ
Ժալա Բայրամովա, արխիվ

Ադրբեջանցի ակտիվիստ Ժալա Բայրամովայի կարծիքով՝ Ալիևին Արևմուտքում դասում են «լավ բռնապետների» շարքին։ Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաներ բացահայտած և հուլիսից բանտում գտնվող հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի դստեր խոսքով՝ Ադրբեջանի երկարամյա առաջնորդը ոչնչով չի զիջում Արևմուտքի կողմից մերժվող Բելառուսի, Ռուսաստանի առաջնորդներին, բայց ի տարբերություն Լուկաշենկոյի, Պուտինի, Իրանի իշխանությունների՝ Ալիևի նկատմամբ վերաբերմունքն այլ է:

«Չգիտես ինչու Ալիևը Եվրոպայում համարվում է լավ բռնապետ։ Բայց դա այդպես չէ։ Չկա տարբերություն Ալիևի և Պուտինի միջև։ Այդ դեպքում ինչո՞ւ Պուտինի նկատմամբ կիրառվող վերաբերմունքն Ալիևի դեպքում չկա։ Այդ պատժամիջոցներով կարելի է ավելիին հասնել Ադրբեջանի դեպքում, քան, օրինակ, Ռուսաստանի, քանի որ վերջինն ավելի ուժեղ և անկախ երկիր է», - «Ազատության» «Էխո Կավկազա» նախագծի հետ զրույցում է ասել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը:

Միջազգային մամուլն էլ է նկատում՝ որքան լարվում են Արևմուտքի հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի հետ, այնքան մեծանում է Ադրբեջանի արժեքը, որն օգնում է Մոսկվային ռուսաստանյան էներգառեսուրսների իրացման հարցում: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններից, էթնիկ զտումներից հետ Ադրբեջանի դեմ ոչ միայն պատժամիջոցներ չսահմանվեցին, այլև նախագահ Իլհամ Ալիևը հերթական միջազգային հաղթանակը տոնեց՝ ստանալով կլիմայի փոփոխության հաջորդ գլոբալ գագաթնաժողովը` COP-29-ը անցկացնելու իրավունքը։ Իրավապաշտպանները պայքարում էին դրա դեմ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում չկա ազատ մամուլ, ավելի քան 250 մարդ այս պահին բանտում է՝ քաղաքական հայացքների ու Ալիևին քննադատելու համար։

«Երբ Ադրբեջանում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը, դա նշանակում է, որ երկիրը դեռ լեգիտիմություն ունի: Ադրբեջանն անում է մարդու իրավունքների այս բոլոր կոպիտ խախտումները, բայց դա չի քննարկվում։ Ադրբեջանը երբեք չի զրկվել ձայնի իրավունքից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդում, նախկինի պես կազմակերպության անդամ է, ինչպես ցանկացած այլ երկիր», - ընդգծում է Ալիևի ձերբակալված ընդդիմախոս Գուբադ Իբադօղլուի դուստրը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG