Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա Պուտինի ծրագրածի պես չեղավ, և դա աներևակայելի պարգև է նրա բռնապետ ընկերոջ՝ Ադրբեջանի առաջնորդի համար, պնդում է ամերիկյան Bloomberg-ի վերլուծաբանը, մանրամասնելով՝ «Ալիևը Ռուսաստանի պատերազմից հետո մեծ հաղթանակներ է տարել բազմաթիվ ճակատներում»:
«Անցյալ տարվա հուլիսին նա Եվրամիության հետ պայմանագիր ստորագրեց բնական գազի արտահանումը կրկնապատկելու մասին, ինչի արդյունքում նավթի և գազի ոլորտում եկամուտը 2021 թվականի 19,5 մլրդ դոլարից մեկ տարի անց՝ 2022-ին, հասավ մինչև 35 մլրդ դոլարի: Սա էական աճ է մի երկրի համար, որի պետբյուջեի միջոցների կեսից ավելին ձևավորվում է էներգակիրների վաճառքից», - նշված է հոդվածում։
Ֆինանսապես ամրապնդվելուց բացի, Ալիևը իրականություն դարձրեց նաև իր ու հոր երազանքը՝ վերահսկողության տակ առնելով Լեռնային Ղարաբաղը։ «Քանի դեռ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավոր Ռուսաստանը շեղել է ուշադրությունը այլ կողմ, Ալիևը վերջ դրեց 30-ամյա պատերազմին ու նվաստացմանը, ընդ որում, այնպիսի կարճ ու փառավոր ռազմական հաղթանակով, որը Պուտինը հույս ուներ արձանագրել Ուկարինայի դեմ»,- նշում է Bloomberg-ի՝ Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբանը:
Այս հաջողություններից հետո՝ հիմա էլ, նա հաղթանակած գնում է արտահերթ ընտրությունների, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա փետրվարին, գրում է ամերիկացի վերլուծաբան Մարք Չեմփիոնը, պնդելով՝ նա գնում է այդ քայլին, որպեսզի օգտագործի հայրենասիրական էյֆորիան և ճանապարհ բացի իր իշխանության հերթական՝ երրորդ տասնամյակի համար։
Մինչ տեղական ու արևմտյան փորձագետները չեն կասկածում, որ Ալիևը կրկին «շռնդալից» հաղթանակ կտոնի փետրվարի 7-ի ընտրություններում, Bloomberg-ը նշում է՝ ամեն ինչ նրա օգտին է նաև Ադրբեջանի սահմաններից դուրս. «Տպավորություն է, որ նա հիմա պետք է բոլորին։ ԵՄ-ը ոչ միայն Ադրբեջանի էներգակիրների կարիքն ունի, այլև գիտակցում է, որ Ադրբեջանը վերահսկում է Եվրոպայի միակ կենսունակ ուղին դեպի էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը կամ Իրանը, որոնց դեմ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել»։
Նույն կերպ, ըստ Bloomberg-ի վերլուծաբանի, որքան վատանում են Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի և Թեհրանի հետ, այնքան աճում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական արժեքը ԱՄՆ-ի աչքում՝ չնայած Ղարաբաղի էթնիկ զտումներին: Ռուսաստանն ու Իրանն էլ փորձում են Բաքվին իրենց կողմը գրավել՝ Արևմուտքի հետ խորացող ճգնաժամի ֆոնին։
«Պուտինին անհրաժեշտ է Ադրբեջանը, քանի որ եվրոպական պատժամիջոցները ստիպում են նրան առևտրային և էներգետիկ ուղիներ փնտրել Արևելքում, մինչ Կովկասում իրադարձությունների վրա ազդելու Ռուսաստանի ռազմական կարողությունը Ուկրաինայի դեմ է օգտագործվում»։
«Իրանը, քաղաքականապես մոտ լինելով Հայաստանի հետ, նույնպես սիրաշահում է Բաքվին: Հոկտեմբերին Թեհրանն առաջարկեց իր տարածքով անցկացնել Ադրբեջանը Նախիջևանին կապող տարանցիկ միջանցքը»,- հիշեցնում է Bloomberg-ը, հավելելով՝ Բաքվի հետ հարաբերությունների սերտացումը Իրանի համար ավելի կարևոր դարձավ մայիսից, երբ Թեհրանը Մոսկվայի հետ պայմանավորվեց բազմամիլիարդանոց երկաթգիծ անցկացնել Ադրբեջանի տարածքով, որը կմիանա այսպես կոչված՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին և կօգնի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին նոր՝ ոչ եվրոպական շուկաներ դուրս գալ։
Այսքանով, սակայն, Ալիևի հաջողությունները չեն ավարտվում, պնդում է ամերիկյան պարբերականի վերլուծաբանը, փաստելով, որ վերջերս էլ Ադրբեջանը ստացավ կլիմայի փոփոխության հաջորդ գլոբալ գագաթնաժողովը` COP-29-ը անցկացնելու իրավունքը: Ամիսներ շարունակ իրավապաշտպանները և բնապահպանները պայքարում էին դրա դեմ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը, Freedom house-ի վերջին զեյույցի համաձայն, հնարավոր 7-ից ստացել է ընդամենը մեկ միավոր։
«Շաբաթների ընթացքում, սակայն, Ադրբեջանին խոչընդոտող գործոնները ուրվականների պես հօդս ցնդեցին»,- գրում է Bloomberg-ը։
Հայաստանը հանեց իր թեկնածությունը՝ երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, որով Բաքուն նաև ազատ արձակեց 32 հայ գերիների, Հայաստանը վերադարձրեց երկու ադրբեջանցու։ Մեկ օր անց էլ հայտից հրաժարվեց Բուլղարիան, որը գազ է ստանում Ադրբեջանից։
«Այս հաջողություններն ու վստահությունը կարող էին թույլ տալ Ալիևին թուլացնել բռնաճնշումները, որոնք շարունակվում են երկրում նրա հոր՝ Հեյդար Ալիևի տարիներից։ Փոխարենը Ալիևը անցյալ տարի էլ ավելի խստացրեց ճնշումները լրատվամիջոցների ու ընդդիմախոսների նկատմամբ»,- գրում է Bloomberg-ի վերլուծաբանը, մանրամասնելով՝ 254 մարդ այս պահին ադրբեջանական բանտում է՝ քաղաքական հայացքների ու Ալիևին քննադատելու համար։ Ընդ որում, անցած մեկ տարում, ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանցի քաղբանտարկյալների թիվը ավելի քան կրկնապատկվել է։