Մատչելիության հղումներ

Ֆրանսիացիներն էլ ստիպված կմերվեն. Ալիև


Իլհամ Ալիևը:
Իլհամ Ալիևը:

Ալիևը՝ նախագահության թեկնածու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայդժան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է թեկնածու 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:

Որոշումն այսօր ընդունվել է «Ենի Ազերբայդժան»-ի վարչության ընդլայնված նիստում: Կուսակցության փոխնախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը հպարտությամբ ասել է, թե որոշումը միաձայն է ընդունվել:

Խորհրդաժողով COP 29 միջոցառման հարցով

Այսօր էլ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի օրակարգում Բաքվում հաջորդ տարվա աշնանը նախատեսված Կլիմայի փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP 29) 29-րդ նստաշրջանի կազմակերպումն է:

Ինչպես հաճախ է լինում պաշտոնական հանդիպումներում, նախագահը խոսել է հայ-ադրբեջանական խնդրի մասին և, սովորության համաձայն, քննադատության է ենթարկել Ֆրանսիացիներին:

«Հակաահաբեկչական գործողություն» անվանելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարմանը հանգեցրած սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը, նա ասել է, թե դրանից հետո որոշ արևմտյան երկրներ անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին։

«Ադրբեջանը պահպանել է մարդասիրական բոլոր նորմերը»

«Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում է հակաահաբեկչական գործողություն իրականացրել անջատականների և օկուպանտների դեմ, ապահովել է միջազգային իրավունքի գերակայությունը և վերականգնել է ինքնիշխանությունը՝ պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը», - պնդել է Ալիևը:

Նրա խոսքով, արևմտյան որոշ պետություններ, ավանդաբար Ֆրանսիան՝ չեն համակերպվում ներկայիս կացության հետ:

«Ֆրանսիայի որոշ ղեկավարներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»

«Թեև միջազգային հանրությունը տեսնում է, որ արդեն նույնիսկ Հայաստանն է հաշտվել, և Կլիմայի (COP29) համաժողովի անցկացումը հենց դա է ապացուցում, այդուհանդերձ Ֆրանսիայի որոշ քաղաքական ղեկավարներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք նույնպես ստիպված կլինեն մերվել»,- ասել է Իլհամ Ալիևը:

«Բաքուն երկու շաբաթով կդառնա աշխարհի կենտրոնը»

Կլիմայի փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանը Բաքվում, ըստ նախնական համաձայնության, պետք է տեղի ունենա 2024 թվականի նոյեմբերի 11-ից 24-ը:

Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը փայլուն կանցկացնի այդ կարևոր միջազգային միջոցառումը: Նա այսօր ասել է, թե նստաշրջանի անցկացումը մեծ պատասխանատվություն է դնում Ադրբեջանի իշխանության վրա:

Սակայն, ըստ նախագահի, երկիրը մինչ այժմ արդեն անցկացրել է մեծ թվով միջազգային միջոցառումներ։ Մասնավորապես, այս տարի տեղի է ունեցել Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը:

«Եթե նույնիսկ հիշենք Եվրոպական խաղերը, ապա ժամանեցին 5 հազար մարզիկներ և նրանց ուղեկցող ևս շուրջ 3 հազար հյուրեր։ Բայց COP 29-ին Ադրբեջան կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա ներկայացուցիչներ, և երկու շաբաթվա ընթացքում Բաքուն կդառնա աշխարհի կենտրոնը», - ասել է Իլհամ Ալիևը:

Ալիևի խոսքով, մասնագետները ենթադրում են, որ այդ Կլիմայի համաժողովի օրերին արտասահմանից Ադրբեջան կժամանեն 70-ից 80 հազար հյուրեր։

«Ադրբեջանի նկատմամբ հարգանքն օրեցօր աճում է»

Ադրբեջանի նախագահի համոզմամբ, COP 29 նստաշրջանի անցկացման որոշումը մեծ հաջողություն է երկրի համար: Որոշումն ընդունվել է մի քանի օր առաջ աշխարհի բոլոր երկրների կողմից, և այդպիսով, ըստ նախագահի, Ադրբեջանին կրկին մեծ վստահություն է տրվել:

«Մենք արժանի ենք դրան, մեր վարած քաղաքականության արդյունքում համաշխարհային մասշտաբով մենք շատ ամուր դիրք ենք գրավել։ Ադրբեջանի նկատմամբ հարգանքը միջազգային ասպարեզում օրեցօր աճում է, և մենք այդ հարգանքը նվաճել ենք մեր գործողություններով, գործերով և քաղաքականությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։

32 հայ և 2 ադրբեջանցի կալանավորված զինծառայողների հայրենադարձման շուրջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համաձայնությամբ Երևանը նաև հավանություն է տվել Բաքվում կլիմայի խնդրով նստաշրջանի անցկացմանը:

XS
SM
MD
LG