Մատչելիության հղումներ

Հայաստանյան ՀԿ-ները պնդում են՝ կառավարությունը ձախողել է ոստիկանական համակարգի բարեփոխումները


Կառավարությունը ձախողել է ոստիկանական համակարգի բարեփոխումները, պնդում են հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները։

Իրավապահ ոլորտի 2020-2022 թվականների ռազմավարության մշակմանը մասնակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցը պարեկային ծառայության աշխատանքում հետընթաց է նկատում։

«Պարեկային ծառայություն իրականացողները համարյա իրենց վարքագծով աստիճանաբար փորձ են անում վերադառնալ գայի՝ պետավտոտեսչության կարգավիճակի», - նշեց Սաքունցը:

Ոստիկանական բարեփոխումների աշխատանքներում ներգրավված իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանն ընդունում է՝ չնայած հանցագործությունների բացահայտումը նոր մակարդակի է հասել, պարեկները շարունակում են աչք փակել պաշտոնյաների իրավախախտումների վրա։

«Պարեկային ծառայությունը, երբ որ երկրորդ շարքում կանգնում են դատախազները, դատախազներին չի տուգանում, գալիս անցնում է, ոչ մի բան չի ասում, իսկ երբ մենք ենք կանչած լինում, գալիս ընդամենը զգուշացնում, հանում է, բայց երբ ուրիշ վարորդներն են կանգնած, ուրիշ վարորդներին տուգանում է: Սա մենք գրություններով ունենք հիմնավորված», - ասաց Իոաննիսյանը:

Պարեկների կողմից մարդկանց բռնության ենթարկելու, նվաստացնելու դեպքերն էլ, ըստ իրավապաշտպանների, ոչ թե նվազել, այլ հակառակը՝ ավելացել են։ Շեշտում են՝ միայն այս տարի փաստաբաններին ծեծելու, քաղաքացիների խոշտանգման, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու տասնյակ միջադեպեր են գրանցվել։

«Մենք, այնուամենայնիվ, չենք կարող հաշտվել բռնությունների կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների հետ, որոնք, ցավոք սրտի, ոչ թե նվազում են այլ ավելանում են», - ընդգծեց Արթուր Սաքունցը:

Ներքին գործերի նախարարությունից, որի կազմում գործում է ոստիկանությունը, համաձայն չեն քաղհասարակության ներկայացուցիչների պնդումների հետ, բայց ընդունում են՝ ոլորտում դեռ բազմաթիվ խնդիրներ կան։

«Բարեփոխումները չեն ավարտվել և դրված են մի կողմ, դրանք դինամիկ պրոցես են: Այո, խնդիրներ առաջանում են, բայց հենց այդ խնդիրների վրա պետք է կատարելագործվենք: Մենք մեկնարկում ենք ծառայություններ, նոր մոտեցումներ ենք կիրառում՝ կրթության, կադրերի ընտրության, բայց պետք է նշենք, որ՝ այո, մենք նաև սովորում ենք ինքներս մեր բացթողումների ու սխալների վրա», - ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:

Իրավապաշտպաններն անհրաժեշտ են համարում ոչ թե ձևական, այլ գործող մեխանիզմների առկայությունը՝ ոստիկանների աշխատանքը վերահսկելու համար։

«Ուժային ցանկացած կառույցի գործունեության արդյունավետության կարևոր երաշխիքը վերահսկողության մեխանիզմների առկայությունն է ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային, այսինքն, այնպիսի վերահսկողություն, որի արդյունքները կամ որի դիտարկումները ունենան օրենքի ուժով պարտադիր բնույթ քննարկման», - նշեց Սաքունցը:

Ներքին գործերի նախարարությունում ձևավորված Ներքին անվտանգության ու հակակոռուպցիոն վարչությունն ունի այդ գործառույթները, հակադարձում են գերատեսչությունից, ընդգծելով՝ ոստիկանների իրավախախտումների ու հանցագործությունների առնվազն 50 տոկոսն այդ վարչությունն է հայտնաբերում։

«Մենք ամենևին հակված չենք անընդմեջ հայտնաբերելու իրավախախտման դեպքեր: Այս ծառայությունը մի ստվար հատվածի կանխարգելմանն է նախատեսելու: Այսինքն՝ իրավախախտման ռիսկի նվազեցման մասով մենք ունենք անելիքներ», - ասաց Մկրտչյանը:

Գերատեսչության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով գործակցությունը դադարեցրած քաղհասարակության ներկայացուցիչները, այդուհանդերձ, ոստիկանության նոր բարեփոխումների համար նոր առաջարկներ են ներկայացնելու։ Իրավապաշտպաններն, օրինակ, անհրաժեշտ է համարում ոստիկանական բաժիններում տեսախցիկների առկայությունը, որոնց տեսագրությունները հասանելի կլինեն Մարդու իրավունքների պաշտպանին, Հակակոռուպցիոն կոմիտեին և Քննչական կոմիտեին։ Վստահ են՝ այդպես հնարավոր է նվազեցնել բաժիններում քաղաքացիների խոշտանգումների դեպքերը։

XS
SM
MD
LG