Մատչելիության հղումներ

«Արդար միջոցներով եմ վաստակել գումարը, թե ոչ՝ կերևա դատավարության պրոցեսում»․ Գագիկ Խաչատրյան


Մինչ ամերիկյան իշխանությունները իրավական գործընթաց են սկսել Հայաստանի երբեմնի ամենազդեցիկ պաշտոնյաներից մեկին՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահին պատկանող շքեղ առանձնատունը բռնագանձելու համար, ինքը՝ Հայաստանում ամբաստանյալի աթոռին հայտնված Գագիկ Խաչատրյանը խուսափում է պատասխանել հարցին, թե այդ ինչպես է կարողացել միլիոնավոր դոլարներ վճարել լոսանջելեսյան տան համար։

Խաչատրյանը շատ կարճ անդրադարձավ Կալիֆոռնիայում սկսված բռնագանձման գործընթացին։ Կոռուպցիոն տարբեր հոդվածներով մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահը այսօր մասնակցում էր իր դատավարությանը։

«Էդ հարցերի հետ կապված միայն փաստաբանները կարող են խոսել», - ասաց Խաչատրյանը։

«Ազատության» հարցին՝ համաձա՞յն է ամերիկյան Արդարադատության նախարարության հետ, թե կոռուպցիոն հետք կա, ՊԵԿ նախկին ղեկավարը պատասխանեց․ - «Ես չգիտեմ ինչ են ասում։ Դե հիմա ինչ են ասում, դրա համար փաստաբանները կզբաղվեն, եթե ինչ-որ հարցեր ունեք, դիմեք իրենց իրենք կպատասխանեն»։

Ճշտող հարցին, թե չի կարո՞ղ ասել՝ արդար միջոցներո՞վ է վաստակել այդ գումարը, Խաչատրյանը պատասխանեց, թե «դա կերևա դատավարության պրոցեսում ու դրա մասին կիմանաք»։

Կալիֆոռնիայի դաշնային կառավարությունը Խաչատրյանին ու որդիներին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձնման գործընթացը նախաձեռնել է Հայաստանի գլխավոր դատախազության հարցման հիման վրա։ 6 տարի մաքսային և հարկային ծառայությունները, ևս երկու տարի էլ Ֆինանսների նախարարությունը ղեկավարած 66-ամյա Խաչատրյանին հայաստանյան իրավապահները մեղադրում են գործարար Սեդրակ Առուստամյանից 20 միլիոն դոլար կաշառք ստանալու և այդ գումարով Լոս Անջելեսում հսկայական առանձնատուն ձեռք բերելու համար։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանն» ասաց՝ հայաստանյան և ամերիկյան իրավապահ կառույցների միջև փոխըմբռնում կա, որ բռնագանձման դեպքում գումարը կփոխանցվի Հայաստանին։ Այլ մանրամասներ, սակայն, գլխավոր դատախազությունը դեռ չի փոխանցում։

Կալիֆոռնիայի դաշնային կառավարությունը Լոս Անջելեսի առանձնատան բռնագանձման գործընթացի մասին հայտնեց մոտ մեկ ամիս առաջ։ Այժմ փողերի լվացմամբ զբաղվող ամերիկյան դատարանն է հարցը քննում։ Դեռ մեկ ամիս առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ծավալուն հաղորդագրութուն էր տարածել, որում Գագիկ Խաչատրյանին ներկայացրել էր որպես նախկին սուպերնախարար, որի ընտանիքը 3 հազար քառակուսի մետր մակերեսով առանձնատունը 2011 թվականին ձեռք է բերել ավելի քան 14 միլիոն դոլարով, իսկ այժմ այն վաճառվում է չորս անգամ ավելի՝ 63,5 միլիոն դոլարով։

Մինչ իրավապահները պնդում են, որ Խաչատրյանը որդիների միջոցով միլիոնների կաշառք է վերցրել մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության ղեկավար Սեդրակ Առուստամյանից և դրա դիմաց հովանավորել նրանց բիզնեսը՝ Խաչատրյանի փաստաբանը ակնհայտ անհիմն է որակում մեղադրանքը։

Երեմ Սարգսյան
Երեմ Սարգսյան

«Եթե մեղադրանք ա առաջադրում մի պետություն, որտեղ նշված ա, որ կաշառք ա, առնվազն արդեն կասկած ա։ Բայց էս մեղադրանքը ինքանո՞վ ա հիմնավոր, դա շատ լուրջ խնդիր ա։ Առանձնատան ձեռքբերումը... շատ թափանցիկ ա եղել ամեն ինչ։ Ինչքանով որ ես հետևում եմ լրատվամիջոցներից, ամեն ինչ շատ պարզ, թափանցիկ գործընթաց ա եղել։ Ինչ վերաբերում ա իրենք կասկած ունեն թե չէ, հիմա Հայաստանի Հանրապետությունում կա պետական մարմինների կողմից կաշառքի մեղադրանք։ Արդյո՞ք մեկ այլ պետություն, ի սկզբանե էս հիմքով չի կարող կասկած ունենալ, որ կարող ա կաշառք կա։ Բայց իրենք էն բոլոր փաստական տվյալները, որոնք որ էս դատաքննության փուլում կան, և էս ապացույցները, որոնք որ մենք ակնհայտ հիմնավորում ենք, որ էստեղ հանցագործություն գոյություն չունի», - «Ազատությանն» ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Սարգսյանը պնդում է իր նախկին հայտարարությունը, թե ամերիկյան արդարադատության նախարարության մատնանշած այդ 20 միլիոն դոլարը ոչ թե կաշառք է, այլ պարտքով՝ տոկոսով գումար, որ Սեդրակ Առուստամյանը տվել է Խաչատրյաններին ամերիկյան առանձնատունը գնելու համար. - «Եթե որևէ մեկը կասի, որ կաշառքը իրա անունով ստանում ա, փոխանցումով, բանկով փոխանցում ա, ու սա էլ կհամարեն փողերի լվացում, ուրեմն լավ չեն պատկերացնում փողերի լվացումը դա ինչ ա, հետքերը պետք ա թաքցնել և այլն, և այլն.. Ստեղ ամեն ինչ շատ բաց ա էղել։ Եվ դրա մասին, ընդ որում, 2019 թվականից սկսած հենց Գուրգեն ու Արտյոմ Խաչատրյաններն են հայտնել, որ էդ ժամանակ իրանք հասկանում էին, որ վարույթ իրականացնող մարմինը գնահատում է, որ էստեղ հանցագործություն չկա։ Բայց հանկարծ 2020 թվականի կեսին նույն փաստական տվյալները, առանց որևէ փոփոխության, հանկարծ համարվեց, որ սա կաշառք ա»։

Դեռ երկու տարի առաջ այս գործով դատախազ Գևորգ Սարգսյանը լրագրողերի հետ զրույցում ընդգծել էր, որ Գագիկ Խաչատրյանի առերևույթ հովանավորչության հետևանքով տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ չեն մտել բյուջե. - «Չէր կարող 2009 թվականին շատ շտապ գույք ձեռք բերելու համար գումար հարկավոր լիներ, որը փոխանցվեր երկու տարի դրանից հետո, մաս-մաս։ Գումարի փոխանցման եղանակները բանկային փոխանցումների միջոցով... փոխանցումների նպատակ նշված չի եղել, որպես փոխառության տրամադրում, այլ հակառակը՝ պարտքի վերադարձ, գործարք, գույքի ձեռք բերում, պարտքի մարում... տարբեր պատճառաբանություններով էդ գումարները փոխանցվել են օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպությունների։ Հետևաբար նման պայմաններում նշել, որ էդ գումարը պարտքով ա տրվել, սա իրատեսական չի»։

Խաչատրյանը կալանքի տակ էր մեկ տարի և 2020-ի վերջում ազատ է արձակվել շուրջ 250 հազար դոլար գրավի դիմաց։ Մեղքը չընդունող նախկին բարձրաստիճան պաշտոնյան, բացի ամերիկյան առանձնատան գործից, մեղարդվում է ևս մի քանի դրվագներով՝ չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Ընդհանուր առմամբ, Խաչատրյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի չափը կազմում է շուրջ 20 միլիարդ դրամ կամ ավելի քան 41 միլիոն դոլար։ Նրա հետ մեղադրյալի աթոռին են երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Որդիներն ու եղբորորդիներից մեկը հետախուզման մեջ են։

XS
SM
MD
LG