Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան


Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի քրեական գործն ուղարկվել է դատարան, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։ Դատարան է ուղարկվել նաև մեղադրյալի եղբորորդու՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանի գործը։

Կալանքի տակ գտնվող նախկին իշխանության ազդեցիկ ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով։ Խոսքը 9 դրվագ հանցագործության մասին է, որոնցով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ դրամ կամ ավելի քան 41 միլիոն դոլար։

Դատարան է ուղարկվել Խաչատրյանին մեղսագրվող հանցագործությունների մի մասը։ Այն մակագրված է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին և առաջին նիստի օր է նշանակվել օգոստոսի 25-ը, երբ կքննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը։

«Եթե Խաչատրյանի առողջական վիճակը թույլ տա, նա կմասնակցի նիստին», - «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Երեմ Սարգսյանը։


64-ամյա Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Փաստաբանի փոխանցմամբ, Խաչատրյանը մեադրանքը չի ընդունում: Երեմ Սարգսյանն ասաց, թե քանի դեռ մեղադրական եզրակացությունը չի ստացել, չի կարող ասել, թե Խաչատրյանին մեղսագրվող 9 դրվագով հանցագործության որքան մասն է ուղարկվել դատարան։

«Էս պահին ես ուղղակի մարտավարական առումով դրան ավելի խորը չեմ անդրադառնա, բայց դատաքննության փուլում էդ մեղադրանքի բացարձակ աբսուրդ լինելը ես կապացուցեմ, կհիմնավորեմ կոնկրետ հիմնավորումներով, փաստական տվյալներով, վերլուծություններով, որոնք որ ընդհանրապես նույնիսկ քննարկման առարկա էլ չպետք ա դառնային ստեղ: Այսինքն` ակնհայտ է, որ այնտեղ հանցագործություն չկա, բայց վերածվել ա հանցագործության», - հավելեց փաստաբանը:

«Դատալեքս» տեղեկատվական պաշտոնական կայքէջում նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Բարսեղյանի, ինչպես նաև այլ պաշտոնյաների մասնակցությամբ հանցագործություն է կատարել։

Այսպես, «Հայգազարդ» ընկերությունը պետությանը պարտք է եղել ավելի քան 79 միլիարդ դրամ։ Այս պարտքի համար ընկերությունը ՊԵԿ-ում գրավադրել է «Հիդրոապարատ» ընկերության 132 հազար 615 բաժնետոմսերը, որոնք շուկայականից զգալիորեն էժան գնով՝ 34 միլիոն դրամով վաճառվել է Գագիկ Խաչատրյանի քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի հիմնադրած «Մոնդո Դի Մոբիլի» ընկերությանը։ Միևնույն ժամանակ, Խաչատրյանն այնպես է արել, որ իր զարմիկների ընկերությունը ազատվի 5 միլիոն եվրոյին համարժեք ավելի քան 2,5 միլիարդ դրամ ներդրում անելու պարտավորությունից։ Սրա հետևանքով, ըստ իրավապահների, պետությանը պատճառվել է ավելի քան 34 միլիոն դրամի վնաս։

Ըստ իրավապահների, Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը 2014-2016 թվականներին այդ ժամանակ Ֆինանսների նախարար հորեղբոր հետ կատարել է հետևյալ հանցագործութունը։ Տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ 6 մաքսային տեսուչների բացակայության մասին, այնպես է արել, որ նրանք աշխատանքի ժամերին ապահովեն Հայաստանի քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգությունը։ Ի դեպ, Կարեն Խաչատրյանը ստորագրել է այդ տեսուչներին պաշտոնի նշանակելու և հատուկ կոչումներ շնորհելու դիմումները, վճարման է ներկայացրել կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ նրանց հաճախումների մասին։ Սրա հետևանքով պետական բյուջեից դուրս է գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ:

Երեմ Սարգսյանը, որ նաև Կարեն Խաչատրյանի պաշտպանն է, պնդում է՝ այս դրվագով Խաչատրյանները ևս հանցագործություն չեն կատարել:

Նախկին իշխանության թիմակից Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է դեռ անցած տարվա օգոստոսից, նրա երկու որդիները՝ Արտյոմը և Գուրգենը, հետախուզվում են։ Որդիները մեղադրվում են յուրացման, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության, Գագիկ Խաչատրյանի որդիների մասով գործի քննությունն էլ շարունակվում է։ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանին վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք: Խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնես կայսրության կառավարիչ Սեդրակ Առուստամյանի մասին է։ Վերջինս կալանավորված է «Հյուսիս - հարավի» չարաշահումների գործով։

Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսայնը, մինչդեռ «Ազատությանը» փոխանցել էր, որ այդ գումարը Առուստամյանը եբայրներին է տվել որպես տոկոսով փող արտերկրում գույք ձեռքբերելու համար։

XS
SM
MD
LG