Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ


Գագիկ Խաչատրյան, արխիվ
Գագիկ Խաչատրյան, արխիվ

9 դրվագ հանցագործության համար մեղադրվող նախկին իշխանության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ավելի քան 41 միլիոն դոլարի վնաս հասցնելու և կաշառքի համար մեղադրվող Խաչատրյանի փաստաբանների դիմումը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց՝ որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն։ Կրկին շեշտեց՝ Խաչատրյանն անմեղ է, գործում որևէ ապացույց չկա, իսկ մեղադրող կողմը հրաժարվում է գործի ողջ նյութերն իրենց տրամադրել։ Քննադատեց նաև դատավոր Արթուր Մկրտչյանին. - «Իսկ հիմա դատավորը ո՞նց է որոշելու օրինակ` հիմքեր կան, թե հիմքեր չկան, միակ եղանակը պետք է լիներ գործի նյութերին ծանոթ լինելը, իսկ գործի նյութերին նույնիսկ դատարանը չի հասցրել ծանոթանալ: Երբ մենք արձանագրեցինք, որ չեք հասցրել, որպես այդպիսին չեղավ էլ արձագանք, որ հասցրել ենք, այլ եղավ հետևյալը, որ հիմնավոր կասկածը այդ մակարդակի չեմ քննարկելու, իսկ հիմքերի մասով անհրաժեշտ նյութերին ծանոթացել եմ: Սա ուղիղ նշանակում է, որ ծանոթացել է այնքանով, որքանով հնարավոր է եղել»:

64-ամյա Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Նրա հետ մեղադրյալի աթոռին են երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Որդիներն ու եղբորորդիներից Արամ Խաչատրյանը հետախուզման մեջ են։ «Ազատության» հարցին` արդյոք քննությունից թաքնվող հարազատների հանգամանքը հիմք չէ, որ Գագիկ Խաչատրյանը ևս կհետևի նրանց օրինակին, փաստաբանը պատասխանեց. - «Միանշանակ ոչ, որովհետև նույնիսկ այս կապակցությամբ երբ որ նախաքննական մարմինները դատարաններում նման հանգամանք են բարձրաձայնում, նույնիսկ դատարանները թույլ չեն տալիս, որ մենք հակադարձենք, միանգամից երբեմն հենց իրենք են ասում, ասում են` արդյոք դուք գտնում եք, որ օրենսդրորեն իրավունք ունեք այլ անձանց վարքագիծը դիտարկել որպես կոնկրետ անձի հնարավոր վարքագիծ»:

Դիտարկմանը, որ խոսքը փոխկապակցված անձանց մասին է, նա արձագանքեց. - «Կոչվում են այլ անձինք, անգամ եթե հարազատ եղբայրն է կամ հարազատ որդին: Ավելին ասեմ` եթե մենք դիտարկենք այս տեսանկյունից, ապա պետք է ընդունենք, որ Արտյոմ Խաչատրյանին ընդհանրապես երբևէ մեկ ծանուցագիր չի հանձնվել, որ մի հատ էլ կանչեն, մի հատ էլ տեղեկացնեն, որ իր հետ կապված պրոցես կա, որ մի հատ էլ խոսում են` թաքնվել է կամ չի թաքնվել»:

Ըստ փաստաբանների` Գագիկ Խաչատրյանը ողնաշարի լուրջ խնդիրներ ունի։ Ամիսներ առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը անդրադարձել էր այս հարցին, Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել Հայաստանում Խաչատրյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն տրամադրել, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժման միջոցով, նաև հնարավորություն տալ նրան կազմակերպել իր բուժումը օտարերկրյա մասնագետների կողմից Հայաստանում։ Դատախազ Գևորգ Սարգսյանը հակադարձում է փաստաբաններին՝ շեշտելով՝ նրանց է տրամադրվել Խաչատրյանին առնչվող գործի բոլոր նյութերը, և պնդում՝ Խաչատրյանը չի կարող գտնվել ազատության մեջ, կա գործին խոչընդոտելու և թաքնվելու ռիսկ։ Ըստ դատախազի` մինչև ՄԻԵԴ-ի որոշումը պետությունը ապահովել է նրա բուժումը, 1 տարի կալանքի տակ գտնվող Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժվել է երեք ամիս, իսկ այժմ հրաժարվում է բուժում ստանալ. - «Գագիկ Խաչատրյանը ներկայիս առողջական վիճակով չունի վիրահատական միջամտության, նույնիսկ ստացիոնար բժշկական հաստատություն տեղափոխվելու կարիք, սա մեկ: Երկրորդ` Գագիկ Խաչատրյանի մոտ ախտորոշված հիվանդությունները համատեղելի են անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի կիրառման հետ»:

Անդրադառնալով ծավալուն այս քրեական գործին` դատախազ Գևորգ Սարգսյանն ընդգծեց, որ Գագիկ Խաչատրյանի առերևույթ հովանավորչության հետևանքով տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ չեն մտել բյուջե։ Խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մասին է։ Այս գործով մեղադրյալ, Ծառուկյանի բիզնես կայսրության ղեկավար, մեկ այլ՝ «Հյուսիս-հարավի» գործով կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանը, ըստ իրավապահների, 2009-ին 22 միլիոն դոլար կաշառք է տվել Խաչատրյանին։ Եվ սրա հետևանքով «Արարատ ցեմենտը» 2015-ին ընդամենը 10 միլիոն դրամ է վճարել բյուջե, այնինչ հեղափոխությունից հետո՝ 2019-ին, այդ գումարը բազմապատկվել է՝ անցնելով 7 միլիարդ դրամը։ Մինչդեռ փաստաբան Երեմ Սարգսյանը հակադարձում է՝ այդ գումարը տոկոսով Առուստամյանից վերցրել են ԱՄՆ-ում բնակարան գնելու համար:

«Այսինքն` չէր կարող 2009 թվականին շատ շտապ գույք ձեռք բերելու համար գումար հարկավոր լիներ, որը փոխանցվեր 2 տարի դրանից հետո, այն էլ մաս-մաս: Գումարի փոխանցման եղանակները բանկային փոխանցումների միջոցով և փոխանցումների նպատակ նշված չի եղել որպես փոխառության տրամադրում, այլ ընդհակառակը` պարտքի վերադարձ, գործարք, գույքի ձեռքբերում, պարտքի մարում և այլն: Տարբեր պատճառաբանություններով այդ գումարները փոխանցվել են օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, հետևաբար նման պայմաններում նշել, որ այդ գումարը պարտքով է տրվել, սա իրատեսական չի», - ասում է դատախազը:

«Ապացույցը որտեղի՞ց, էտ ապացույցը պաշտոնատար անձանց ֆանտազիաներն են, այսինքն` իրենք ենթադրում են, որ էսպես է: Ամբողջ խնդիրն այն է, որ ասում ենք` ընկերներ, կբերե՞ք ապացույցը, որ ինչից եք ենթադրում դա, ո՞նց եք ենթադրում: Էտ ենթադրությունը որևէ կերպ չի ապացուցվում», - նշում է փաստաբանը:

«Ազատության» դիտարկմանը` 22 միլիոն դոլարից 10 տարվա ընթացքում քանի՞ դոլարն է տոկոսով փող տված անձը հետ ստացել, Երեմ Սարգսյանը պատասխանեց. - «Իսկ ո՞վ ասաց, որ էս ընթացքում պետք է հետ ստանար, եթե պայմանագրում հստակ նշված է, որ տոկոսները պետք է հետ վերադարձվի գումարը հետ վերադարձնելու հետ միաժամանակ»:

Բացի այս դրվագից, 2014-2016 թվականներին ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, այժմ կալանքի տակ գտնվող Կարեն Խաչատրյանի հետ այնպես են արել, որ ՊԵԿ-ի բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքի չգնան, բայց աշխատավարձ ստանան։ Նաև կազմակերպել են, որ մաքսային 6 տեսուչներ աշխատանքի ժամերին ապահովեն մաքսայինի պետ Արմեն Ավետիսյանի անվտանգությունը։ Նախկին իշխանության թիմակից Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է անցած տարվա օգոստոսից, նրա երկու որդիները՝ Արտյոմը և Գուրգենը, հետախուզվում են։ Որդիները մեղադրվում են յուրացման, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Ըստ գլխավոր դատախազության` Գագիկ Խաչատրյանի որդիների, Սեդրակ Առուստամյանի գործի քննությունն էլ շարունակվում է։

XS
SM
MD
LG