Մատչելիության հղումներ

Իշխանությունն ու ընդդիմությունն արձագանքում են ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին


Ֆեյք օրակարգ է. ՔՊ-ի արձագանքը

Ֆեյք օրակարգ է, իշխանությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարց չի քննարկում, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանն այսպես է արձագանքում վերջին շրջանում արտահերթի հնարավորության մասին խոսակցություններին:

«Ընդհանրապես ինչո՞ւ են լինում արտահերթ ընտրություններ, արտահերթ ընտրություններ լինում են, երբ որ ժողովրդի կամարտահայտությունը չի լինում այնպես, ինչպես Սահմանադրության ձևաչափն է, Սահմանադրության պահանջն է: Արտահերթ ընտրություններ, դուք տեսաք, տեղի ունեցան պատերազմից՝ ազգային աղետից հետո, երբ մենք դրա միջով անցանք, նաև խնդրում եմ ձեզ այս ֆեյք օրակարգերի մեջ չմտնել, նման բան չկա», - ասաց նա:

Խորհրդարանական վերջին արտահերթ ընտրություններից անցել է ավելի քան երկու տարի: Մամուլում այժմ ակտիվ քննարկումներ են, թե իշխանությունը կրկին արտահերթի է նախապատրաստվում։ Այս կանխատեսումներին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի կուսակցական նիստեր է անցկացնում։ Վերջին մեկ ամսում Փաշինյանը թիմակիցների հետ Երևանում և մարզերում մոտ 15 հանդիպում է ունեցել, որոնց վերաբերյալ սեղմ տեղեկատվություն է հաղորդվել: Բացառություն էր շաբաթ օրվա հավաքը, որից վարչապետի մոտ 30 րոպեանոց ելույթ հրապարակվեց: Հենց այդ օրը Փաշինյանը խոսել է նաև արտահերթի հեռանկարից՝ ըստ էության բացառելով դա։

«Էս մարզային հանդիպումների շարքը, որը ընդդիմության շրջանում նոր արտահերթ ընտրությունների պատրաստվելու մասին է, և բանը հասել է նրան, որ արդեն մարդիկ... հիմա ես սա կարող եմ չասել՝ նկարահանվում է, թողնեմ, որ մարդիկ իրենց ռեսուրսը ծախսեն գարնանը կայանալիք արտահերթ ընտրությունների վրա, շտաբներ բացեն, պարտք վերցնեն, վարկ վերցնեն», - ասել էր նա։

Ընդդիմադիր պատգամավորն արտահերթ ընտրությունները չի բացառում

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ գործընթացը անլրջացնելու փորձեր է անում։ Պատգամավորը կարծում է՝ իշխանությունն արտահերթի հնարավոր սցենար, այդուհանդերձ, քննարկում է:

«Կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ վերահաստատելու համար օրինակ, իշխանությունները կարող են այդպես ներկայացնել, որ ցանկանում են վերահաստատել իրենց մանդատը այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Սցենար երկու՝ կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դա իշխանությունը ներկայացնի, որ ցանկանում է, ըստ էության, փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը», - նշեց նա։

«Քաղաքացիական պայմանագիրը» պատերազմից հետո անցկացված արտահերթ ընտրություններին խոստանում էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքով: Սրան զուգահեռ նախընտրական հանդիպումներում խոստանում էին նաև խաղաղության դարաշրջան, որի մասին, սակայն, կուսակցության նախընտրական ծրագրում հիշատակում չկար։

Չնայած սրան՝ իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը պնդում է՝ իրենք խաղաղության պայմանագիր ստորագրելու մանդատ ունեն, և դրա համար նոր ընտրության կարիք չկա. - «Բայց, մենք 2021թ. գնացել ենք ընտրությունների խաղաղության օրակարգով, և սա անշեղորեն ճշմարտություն է։ Դրա դետալները և բովանդակությունը հանրությանը, նաև այն մարդկանց, ովքեր այդ դետալներով և բովանդակությամբ են զբաղվում, հայտնի է դառնում աշխատանքային մակարդակում, արդեն երբ սկսում են բանակցել այդ փաստաթուղթը, բանակցել սկզբունքները, իրավիճակը»։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ արտահերթ ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ երկու դեպքում


Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի կոնտեքստում արտահերթ ընտրությունների հեռանկարը չի բացառում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Նրա կարծիքով՝ թե՛ պայմանագրի ստորագրումից առաջ, թեշ դրանից հետո կարող է նման անհրաժեշտություն առաջանալ:

«Իշխանությունը կարող է դիտարկել արտահերթ ընտրության միջոցով անուղղակի վստահության քվե ստանալու տարբերակը, որպեսզի հետո արդեն համարի, որ ինքը լիազորված է գնալ այդպիսի փաստաթուղթ ստորագրելուն, մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ այդպիսի մեխանիզմը դիտվի հետագայում՝ հետստորագրման փուլում քաղաքական հնարավոր բողոքի, դժգոհությունների գոլորշին բաց թողնելու ձևով, ինչպես օրինակ՝ եղավ 21թ. արտահերթ ընտրությունը», - «Ազատությանն» ասաց նա։

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Հերթական ընտրությունները սպասվում են 2026 թվականին:

XS
SM
MD
LG