Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվելու, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին: Ըստ փոխվարչապետի՝ նախադրյալներ չկան կանխատեսելու տարբեր սցենարներ, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման հետ կապված:
«2021 թվականի հունիսին Հայաստանում կայացած բացարձակ ժողովրդավարական, ազատ և լեգիտիմ խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այժմ բարձրացնում է փոքրամասնության բողոքի շարժումը», - ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունները կանցկացնեն արտահերթ ընտրություններ։
Ռուսական գործակալությունը նշում է, որ հայաստանյան ընդդիմությունը ապրիլի 25-ից բողոքի ակցիաներ է անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: