Մատչելիության հղումներ

«Ոստիկանական հեղաշրջում» և «իրավական գործընթաց». կողմերը՝ Ալավերդու իշխանափոխության մասին


Ալավերդու նորընտիր համայնքապետ Դավիթ Ղումաշյանը (ձախից) և «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը երեկվա քաշքշոցի ժամանակ
Ալավերդու նորընտիր համայնքապետ Դավիթ Ղումաշյանը (ձախից) և «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը երեկվա քաշքշոցի ժամանակ

Երեկ Ալավերդիում իշխանությունից զրկված «Ապրելու երկիր» կուսակցությունը չի ընդունում «Քաղաքացիական պայմանագրի» անցկացրած ընտրությունների արդյունքներն ու դիմելու է դատարան։ Այսօր արդեն ընդդիմադիր դարձած կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հեղաշրջում է որակում ավագանու երեկվա նիստը:

«Ոչ թե մեծամասնություն է ձևավորվել, այլ ոստիկանական զորքերի կողմից հեղաշրջում է տեղի ունեցել, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ալավերդիում, ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Առաքելյանը։

Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ապրելու երկիր»-ը լքած մեկ անդամի հետ երեկ նիստ անցկացրեց ու պաշտոնանկ արեց մեկ տարի առաջ ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։ Նրա փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Իշխանափոխությունը շիկացած մթնոլորտում ընթացավ:

«Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 6-ը դեկտեմբերի, 2023թ.
«Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 6-ը դեկտեմբերի, 2023թ.

«Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը անցած տարվա ընտրություններում հավասար թվով մանդատներ էին ստացել, ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրեսը միացել էր ընդդիմադիր ուժին՝ ապահովելով մեծամասնություն։ Երեկ, սակայն, արդեն մեծամասնություն ուներ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ վճռորոշ մեկ քվեն ապահովեց «Ապրելու երկրի» արդեն նախկին ավագանու անդամը, որը հերքել է, թե ճնշումների է ենթարկվել:

«Այսինքն, մտածում են՝ ինքը գալու է ասի, որ «ինձ պաշտոն են խոստացել», կամ ինչ-որ մեկը կգա կասի, որ ճնշո՞ւմ է գործադրվել: Հիմա ակնհայտ է, որ այդ մարդու մոտ... փոխադարձ համաձայնությամբ է եկել, բնական է: Այսինքն՝ մենք գնում ենք օրենքով», - նշեց Մեսրոպ Առաքելյանը:

«Շատ նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով». Արեն Մկրտչյան

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ը, սակայն, արտառոց բան չի տեսնում՝ օգտվել են օրենքի տված հնարավորությունից ու անվստահություն հայտնել քաղաքապետին։ Պատգամավոր Արեն Մկրտչյանը, որ անցած տարի Ալավերդու քաղաքապետի թեկնածուն էր, երեկ էլ տեղում վիճում էր պաշտոնանկ արված քաղաքապետի հետ, ասում է՝ ստիպված էին դիմել ոստիկանների միջամտությանը:

«Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն գումարել է նիստ՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով, իրացնելով իր իրավունքները: Դա ֆրակցիայի իրավունքն է, դա ավագանու անդամի իրավունքն է: Նիստի օրը առավոտյան ժամը 8-ին Ալավերդու համայնքապետը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք, և նաև հանրահավաքի ընթացքում փորձ է արվել հանրահավաքի մասնակիցներին հրավիրել շենքի ներս, փորձել են մուտքերը փակել, և էդպիսով նաև խոչընդոտ կստեղծվեր ավագանու անդամների՝ իրենց իրավունքներն իրացնելու հարցում», - այսօր ասաց Մկրտչյանը:

Նրա տեղեկություններով՝ երեկ դեռ իշխանություն ունեցող «Ապրելու երկրի» քաղաքապետը պետական հիմնարկների աշխատողներին ցուցում է տվել հավաքվել շենքի դիմաց. - «Նիստերի դահլիճի դուռը եղել է փակ, և գիտեք, որ անվստահության հարցի ժամը կարգավորվում է օրենքով, այսինքն՝ եթե ժամը 10-ին ավագանու անդամները չկարողանային լինել դահլիճում, հիմա էլ ասելու էին՝ ժամը 10:20 է տեղի ունեցել՝ ապօրինի է: Սա ժողովրդավարությո՞ւն է՝ դուռ փակելը, թե՞՝ ոչ»:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Քվեատուփ, քվեախցիկ, քվեաթերթիկներ դրված չեն եղել, աշխատակազմից որևէ անդամ չի եղել՝ ապահովելու նիստի ընթացքը, բոլորը հանրահավաքի են եղել: Սա ժողովրդավարությո՞ւն է, թե՝ ոչ», - ասաց Արեն Մկրտչյանը՝ շարունակելով. - «Եվ ամենակարևորը՝ ներս են խուժել Ալավերդու համայնքապետը, «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ, շրջել են քվեատուփը քվեարկության ընթացքում, դուրս են թափել քվեաթերթիկները, և տեղում անմիջապես քվեարկված 12 քվեաթերթիկ դարձել է անվավեր»:

«Ի՞նչ եք կարծում՝ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ինքն իր հերթին իր համախոհներին, իր ընտրողներին պետք է կոչ աներ գալ Ալավերդու համայնքապետարանի առջև ի աջակցություն իրե՞ն՝ քաջ գիտակցելով, որ հնարավոր է բախումներ և արյունահեղություն լինի երկու խմբերի միջև, թե՞ պետք է հորդորեր իր համախոհներին չգալ, չլինել Ալավերդու համայնքապետարանի առջևում, որովհետև նման զանգեր էինք ստանում նաև մեզ ընտրող մարդկանցից, և գրությամբ դիմեր իրավապահ մարմիններին՝ կոչ անելով ապահովել իրենց իրավունքների անխոչընդոտ իրացումը, հասարակական կարգի ապահովումը», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

«Իսկ ո՞րն է ժողովրդավարությունը՝ խլել ժողովրդի ձայնը, խլել քվեատուփը, հա՞», - լրագրողներից մեկի այս հարցին Մկրտչյանն արձագանքեց. - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ալավերդիում ընդդիմություն է, և ընդդիմության գործունեության իմաստը իշխանության գալն է՝ քաղաքական տրամաբանության մեջ: Եվ շատ նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով»:

«Նախկին իշխանությունները ընտրական պրոցեսում էին ընտրությունների վրա ազդում, հիմա ՔՊ-ն ասում է՝ կարևոր չի՝ ով ինչքան ձայն է հավաքել»

«Ապրելու երկիր» կուսակցությունն ընդունում է, որ կորցրել է մեծամասնությունը, առաջարկել է նոր ընտրություններ անցկացնել, որովհետև «Քաղաքացիական պայմանագրի» հետ հավասար մանդատներ էին ստացել։

Անցած տարեսկզբին էլ «Ապրելու երկիր»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը իշխանությունը չէին կիսում Փարաքարում։ Թեև Մանե Թանդիլյանի կուսակցությունը 4 հազար 600-ից ավելի ձայն էր ստացել, սակայն միավորվեցին կրկնակի քիչ քվե աստացած «Քաղաքիական պայմանագիր»-ն ու նախկին համայնքապետի դաշինքը՝ դարձյալ մեկ մանդատի առավելությամբ վերցնելով իշխանությունը։

«Նախկին իշխանությունները ընտրական պրոցեսում էին ընտրությունների վրա ազդում, որ իրենք ձևավորեին իշխանություն, հիմա «Քաղաքացիական պայմանագիր»-ը ասում է՝ «կարևոր չի՝ ով ինչքան ձայն է հավաքել, կարևորը՝ որ մենք ենք ղեկավարելու համայնքը», ու էդ պրոցեսների առաջ բոլոր մեխանիզմները իշխանությունը կիրառում է», - ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:

«Գորիսը, Կապանը, Մեղրին, Թումանյանը՝ դրանք ինչի՞ չեք ասում: Դա նորմալ պրոցես է իրականում, երբ որ ավագանին փոխում է համայնքապետ՝ դա շատ նորմալ պրոցես է ինքն իրենից ենթադրում, հատկապես որ ոչ մի ուժ չունի 50+1, դա ժողովրդավարական պրոցես է», - պնդում է «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը:

Ապօրինի՞ էր արդյոք Ալավերդիում երեկվա նիստը. մինչ դատարանը կորոշի, նորընտիր քաղաքապետը պատրաստվում է երդմնակալության։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG