Մատչելիության հղումներ

Ալավերդու համայնքապետարանում կմերժեն Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությունը


Տեսարան Ալավերդիից, արխիվ
Տեսարան Ալավերդիից, արխիվ

Ալավերդու համայնքապետարանում անօրինական են համարում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությունը համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու մասին։

«Ապրելու երկիր» խմբակցության ցուցակով ընտրված Թամազյանն «Ազատությանն» ասաց՝ կմերժեն ավագանու նախաձեռնող խմբի 14 անդամների դիմումը և անվստահության օրակարգով նիստ չեն գումարի։

«Քաղաքացիական պայմանագրին» միացել է նաև Սիմոն Զախարովը, որ ամիսներ առաջ լքել էր Ալավերդիում իշխող «Ապրելու երկիր» խմբակցությունը։

Մեկ ամիս առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունն էր իրենց թիմակից, գործող համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, ինչն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիրն» էր «կեղծ ու անօրինական» համարել։ Բայց գործող ղեկավարին իր թիմակիցների հայտնած անվստահությունն այդպես էլ ավագանու նիստով չէր անցել՝ դարձյալ քվորումի բացակայության պատճառով։

ՔՊ-ն «Ապրելու երկրի» մեկ ամիս առաջ արված նախաձեռնությունն էր անօրինական համարում, «Ապրելու երկիրն» էլ այսօր՝ ՔՊ-ինը։

«Թող դատարանում վիճարկեն», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց գործող ղեկավար Արկադի Թամազյանը՝ պնդելով, օրենքով թույլատրվող անվստահության գործընթացն արդեն կայացած է ու դա կրկնելու հնարավորություն ավագանին այլևս չունի։

«Ապրելու երկրի» անդամներից մեկի՝ Զիմոն Զախարովի խմբակցությունը լքելուց հետո իշխող ուժն այլևս մեծամասնություն չունի։ «Քաղաքացիական պայմանագրի» արդեն եռամսյա բոյկոտից ու երեկ էլ անվստահության գործընթացից հետո համայնքապետը երեկ իր ֆեյսբուքյան էջում «առնետ» է համարել իր նախկին թիմակցին։

«Այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։ Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում», - իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է Արկադի Թամազյանը։

Ի՞նչ կլինի այս դեպքում Ալավերդիում, իրար հաջորդող անստահության գործընթացներն ի վերջո պաշտոնանկ կանե՞ն գործող ղեկավարին, որ ընդամենը մեկ տարի առաջ է ընտրվել Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիայի շնորհիվ։

Արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը կփոխարինի նրան ավագանու ընդամենը 14 անդամի որոշմամբ, դեռ պարզ չէ։

Երեք ամիս անընդմեջ նիստեր չգումարելու դեպքում ավագանին կարող է լուծարվել։ Գործող համայնքապետն ասում է՝ պատրաստ է նոր ընտրությունների գնալ ու հենց դա էլ համարում է միակ ելքն ստեղծված վիճակից։

XS
SM
MD
LG