Մատչելիության հղումներ

Պաշտոնական վիճակագրությունը վկայում է՝ Հայաստանում զրկանքներ կրող ընտանիքների թիվն աճել է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացե՞լ են, թե՞ քչացել: Միանշանակ՝ շատացել են», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իշխանությունների այսօրինակ հայտարարություններին զուգահեռ պաշտոնական վիճակագրությունը վկայում է՝ Հայաստանում զրկանքներ կրող ընտանիքների թիվն աճել է։ Չնայած տնտեսական բարձր աճին, ֆինանսական մեծ ներհոսքերին ու ամենատարբեր ծրագրերին՝ է՛լ ավելի շատ մարդիկ հնարավորություն չունեն բավարարելու արժանավայել կյանքի համար անհրաժեշտ կարիքները։

Ու մինչ պաշտոնյաները Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող զեկույցից հիմնականում մեկ տվյալ են առանձնացնում՝ «2021-ի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26.5 տոկոսից դառնալով 24.8 տոկոս», այս թվերի բացվածքն ու վիճակագրական այլ ցուցանիշներ որոշ սրված սոցիալական խնդիրներն են մատնացույց անում:

Ըստ մասնագետների՝ միայն փողն ու եկամուտները բավարար չեն քաղաքացիների բարեկեցության բոլոր տեսանկյունները նկարագրելու համար։ Գումարից զատ, մարդիկ նաև հասանելի կրթության, առողջապահության ու շատ այլ բաների կարիքն ունեն։

Համաշխարհային բանկի աջակցությամբ 2016-ից Հայաստանում հաշվարկվում է բազմաչափ աղքատության ցուցանիշը։ Վիճակագրական կոմիտեն տարեկան զեկույցում 2022-ի տվյալներն է ամփոփել՝ ընչազրկության տարբեր կողմերը ներկայացնող այդ ցուցանիշը տարիներ շարունակված նվազումից հետո անցած տարի աճել է՝ 19 տոկոսից դառնալով 21 տոկոս. է՛լ ավելի շատ մարդիկ դրամական փոխանցումներից կախում ունեն, բնակարանային ապահովության ու ջրամատակարարման խնդիրն է սրվել, թանկացել է առողջապահությունը, և այլն:

Ընդ որում, բազմաչափ աղքատությունը հատկապես մայրաքաղաքում է աճել՝ 2021-ի 14.4 -ից դառնալով շուրջ 20 տոկոս։ Քաղաքային մյուս բնակավայրերում էլ միտումը նույնն է։ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ներկայացնող մարմինն այս ամենը մտագոհիչ է որակում։

Բազմաչափ աղքատությունը փոքր-ինչ նվազել է գյուղերում, բայց շարունակում է քաղաքների ցուցանիշից բարձր մնալ:

Արմավիրի գյուղերում «Ազատության» հարցին՝ վերջին երկու տարիներին ի՞նչն է փոխվել իրենց առօրյայում, պատասխանում էին՝ կյանքը համեմատաբար բարելավվել է՝ մատնացույց անելով ասֆալտապատ փողոցները, կառուցված մանկապարտեզը, ընդհանուր առմամբ՝ շինարարությունը:

Տնտեսագետների կարծիքով՝ դժվարացող կյանքի պատճառներից է եկամուտների ոչ արդյունավետ ու անարդար բաշխումը, տնտեսական աճը մեծամասնությանը բաժին չի հասնում։ Այս խնդիրների լուծումներից խոսելիս գործադիրը վերջին շրջանում հաճախ հայտարարում է ավելի հասցեական սոցիալական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի հատկացվող գումարներն ուղղվեն իրականում դրանց կարիքն ունեցողներին։ Սոցապ նախարարությունից տեղեկացնում են՝ օրինակ, հաջորդ տարվանից փուլ առ փուլ վերանայելու են աղքատության նպաստների ծրագիրը՝ ամենակարիքավորներին ավելի մեծ գումար կհատկացվի։

Վիճկոմը նաև սոցիալական բացառումների վիճակագրությունն է հրապարակել. սա էլ ցույց է տալիս, թե մարդիկ ինչ ապրանքների կամ ծառայությունների կարիքն ունեն, բայց նման «ճոխություն» իրենց թույլ տալ չեն կարող։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 81 տոկոսը նշել է, թե չի կարողանում տարվա մեջ գոնե մի քանի անգամ կինո կամ համերգ գնալ, առանց պարտք վերցնելու 45 հազար դրամի անսպասելի ծախս կատարել, փոխարինել հին ու մաշված կահույքը։

Ըստ վիճկոմի՝ Հայաստանի բնակչության կեսը օրումեջ մսով, հավով կամ ձկով կերակուր ուտել չի կարողանում։ Մարդկանց ավելի քան 40 տոկոսը տանը բավարար ջերմաստիճան ապահովելու հնարավորություն չունի։ Այս հաշվարկը Եվրամիության ստանդարտներով է իրականացվում. ընդհանուր առմամբ՝ Հայաստանի բնակչության կեսը զրկված է արժանավայել կյանքն ապահովող ծառայություններից ու պայմաններից։ Եվրամիությունում 2022-ին այս թիվը 7 տոկոսի չի հասել։

XS
SM
MD
LG