Առողջական խնդիրներ ունեցող 64-ամյա տիկին Սիրանույշը այս ձմեռն էլ առանց գազի կանցկացնի։ Երևանի ծայրամասերից մեկում միակ զավակի հետ բնակվող կինը աշխատանքային ստաժ չունի և կենսաթոշակ դեռ չի ստանում, որդին էլ հիմնական աշխատանք չունի։ Կնոջ հույսը պետական աջակցությունն է։
«Վատն էն ա, որ խոստանում են ու չեն անում, աղքատը բերանը բաց կանգնած սպասում ա, որ հեսա մի կտոր մի բան կտան», - ասաց նա
Տարիներ շարունակ դռնեդուռ է ընկել, օգնություն խնդրել, բայց աղքատության մեջ ապրող ընտանիքն այժմ որևէ նպաստ չի ստանում. - «Զոռով-շառով գնում էի, ես ինքս էլ ամաչում էի, որ էդքան շատ գնում դիմում եմ, ճար չունեի»:
Կինը տեսախցիկի առաջ էլ է ամաչում խոսել՝ խնդրելով, որ գոնե դեմքը չերևա, պատմում է՝ երբեմն մի քանի ամսով աղքատության նպաստ ստացել են։ Այս տարի ընդհանուր առմամբ 60 հազար դրամ և վերջ:
Պետական աջակցության ծրագրերը տիկին Սիրանույշի նման տասնյակ հազարավոր այլ խոցելի քաղաքացիների էլ են շրջանցում։ Համաշխարհային բանկի վերջերս իրականացրած հետազոտությունը փաստում է՝ Հայաստանի աղքատ բնակչության կեսից ավելին՝ այսինքն ավելի քան 380 հազար մարդ ընտանեկան նպաստներից չի օգտվում։ Այնինչ, հատկացվող տասնյակ միլիարդների մեկ երրորդն, ի վերջո, հայտնվում է իրականում դրա կարիքը չունեցող մարդկանց գրպաններում:
Պետական ծախսերի արդյունավետության վերաբերյալ ծավալուն ուսումնասիրությունում Համաշխարհային բանկի փորձագետներն այս ոլորտում Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը հենց ծրագրերի հասցեականությունն են համարում ու մի շարք բարեփոխումներ առաջարկում. անապահովության գնահատման նոր համակարգի ներդրում, սխալների և խարդախությունների նվազեցում և այլն։
Ե՛վ նախկին, և՛ գործող իշխանություններն ընդունել ու ընդունում են, որ աջակցության ծրագրերի հասցեականությունը բարձրացնելու խնդիր կա։ Պաշտոնյաները պարբերաբար խոսում են բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց զգալի առաջընթաց չի գրանցվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարեվերջին ուղիղ հայտարարեց՝ հանձնարարականներն արդեն տվել է:
«Սարսափով ենք արձանագրում, որ, օրինակ, ընտանեկան ու սոցիալական նպաստներ ունեցող շատ քաղաքացիներ իրենց ստացած սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա: Մենք պետք է գործուն քայլեր իրականացնենք սրան վերջ տալու համար, որովհետև եթե քաղաքացին կարող է նպաստը հետևողականորեն, տարվա ընթացքում ստացած իր նպաստի 90 տոկոսը վատնել խաղադրույքներ կատարելու վրա, հարց՝ իսկ ինչո՞ւ է կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը նրանց վճարում», - նշել է վարչապետը:
Այս խնդրից խոսելիս պաշտոնյաները հաճախ կորոնավիրուսի համավարակն են հիշում։ Ընդգծում են՝ չունեին բավարար տեղեկություններ, թե իրականում ով ինչի կարիք ունի։
2024-ից ներդրվող եկամուտների համընդհանուր հայտարարագման համակարգի նպատակներից մեկը քաղաքացիների իրական վիճակը բացահայտելն է։
Գործադիրը հայտարարում է 2024-ին իրականացվելիք ծրագրերի մասին, մասնավորապես, նախատեսում են թվայնացնել նպաստների նշանակման համակարգը, ինչը հնարավորություն կտա տարբեր տեղեկատվական բազաներ համադրել՝ նպաստառության ոչ ենթակա ընտանիքներին հայտնաբերման համար։