Անցած ամիսներին «Քաղաքացիական պայմանագրի» անդամները ճնշումներ են գործադրել Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ Ալավերդիում ՀԱԿ-ին իրենց կողմը քաշելու համար, այսօր հայտարարեց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Պնդեց՝ Լոռու մարզպետի ու այլ ՔՊ-ականների մակարդակով իրենց սպառնացել են, քաղաքական կաշառք առաջարկել ու տարբեր խոստումներ տվել։
«Ե՛վ՛ սպառնալիքներ կրիմինալ աշխարհի կողմից, և՛ փոխհատուցման, կարելի է ասել, քաղաքական կաշառքի առաջարկներ, այս ամեն ինչը տեղի է ունեցել մի տեղատարափ», - ասաց Զուրաբյանը:
Հայտարարեց՝ ճնշումներին չեն ենթարկվել, բայց «Քաղաքացիական պայմանագիրն» այլ ելքեր է փնտրում Ալավերդու ընդդիմադիր համայնքապետին տապալելու և իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար։ Մեկ տարի առաջ այստեղ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանը համայնքի ղեկավար ընտրվեց Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիայի արդյունքում։
«Մեզ բացատրում էին՝ ժողովուրդ, մենք մեկ է հանելու ենք էդ մարդուն, էդ մարդը չի կառավարելու, հիմա կա՛մ պիտի ՀԱԿ-ի ավագանին թեքվի մեր կողմ, կա՛մ մենք կփախցնենք «Ապրելու երկրից» ինչ-որ մի ավագանի կամ երկու հոգի, կա՛մ քրեական գործ կհարուցենք էդ մարդու նկատմամբ, կա՛մ որևէ այլ ձևով ճնշումներով անվստահության քվե կանցկացնենք էդ ավագանիում: Սա մեզ ամիսներ շարունակ ասել են», - պնդեց ՀԱԿ փոխնախագահը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հերքում է իրենց քաղաքական ուժին ուղղված բոլոր մեղադրանքները։ Վիրավորանքներ ու սպառանալիքներ «Ապրելու երկրից» են լինում, ասաց Ալեքսանյանը նկատի ունենալով գործող համայնքապետ Արկադի Թամազյանին, որ իր նախկին թիմակցին առնետ էր անվանել իրենց լքելու և հակառակ ճամբար անցնելու համար։
«Շատ եղկելի բառապաշարով վիրավորական բնույթի արտահայտություններ, ու ին4 թվում է՝ սպառնալիքները պետք է փնտրել այն կողմում», - ասաց Ալեքսանյանը:
ՀԱԿ-ի մեկ անդամի փոխարեն գործող համայնքապետի թիմակիցներից մեկը՝ Սիմոն Զախարովն է վերջին ամիսներին ՔՊ-ի կողմն անցել։ Ու արդեն ավագանիում մեծամասնություն ունենալու պարագայում վարչապետ Փաշինյանի կուսակցությունը գործող ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել։ Դիմել են համայնքապետարանի աշխատակազմ՝ պահանջելով ավագանու նիստ հրավիրել Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու ու նոր ղեկավար ընտրելու օրակարգով։
Մինչ համայնքապետ Թամազյանը ընդդիմախոսներին մեղադրում է մեկ տարվա ընթացքում իրենց աշխատանքը խոչընդոտելու, ավագանու նիստերը բոյկոտելու և այժմ էլ, ըստ իրեն, օրենքի խախտումով անվստահության գործընթաց կազմակերպելու համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահն ասում է՝ Ալավերդիում իշխանության եկած «Ապրելու երկիրն» անցած մեկ տարում չի կատարել իր նախընտրական խոստումները, իսկ իրենց քաղաքական քայլերն օրինական են։ Նախատեսում են ավագանու նիստն անցկացնել առաջիկա երեքշաբթի։
«Իրանք էնքան վատ են աշխատել համայնքում՝ ստանձնելով համայնքապետի պաշտոնը, որ նույնիսկ իրենց ավագանու խմբակցության անդամը պատրաստ է անվստահություն հայտնել», - ընդգծեց Վահագն Ալեքսանյանը:
Խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե տեղի իշխանությունները «համայնքում լարվածություն են ստեղծում ու անվստահություն հայտնելու գործընթացը խոչընդոտում»։
«Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։ Ավագանու 14 անդամներով անշեղորեն շարժվելու ենք մեր օրակարգով՝ մեր իրավունքներն իրացնելու ճանապարհով», - գրել է Ձավարյանը։
Մինչդեռ «Ապրելու երկիրը» հակադարձում է՝ ոչ թե համայնքի նոր ղեկավար պետք է ընտրվի, այլ արդեն երեք ամիս նիստեր չանցկացրած ավագանին պետք է ցրվի ու նոր արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Այսօր ասուլիսում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Արդեն համայնքի ղեկավարը ներկայացրել է բոլոր հիմնավորումները, որ այդ նիստը հնարավոր չէ իրականացնել, քանի որ օրենքի խախտումով է իրենց գործընթացը ներկայացված, հետևաբար այդ նիստը տեղի չի ունենալու: Եթե իրենք կփորձեն այլ մեխանիզմներով ապօրինի նիստ անեն, մենք անելու ենք առավելագույնը օրենքի շրջանակներում, որ այդ ապօրինի նիստը տեղի չունենա: Ընդունում ենք, որ կա լարվածություն, բայց լարվածությունը մեղմելու համար պատրաստ ենք նույնիսկ գնալ արտահերթ ընտրությունների», - ընդգծեց Առաքելյանը:
Երեկ Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները։ «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահը նոր ընտրություններն անիմաստ է համարում՝ շեշտելով, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում իրենց քաղաքական ուժն ու ՀԱԿ-ի շնորհիվ իշխանության եկած «Ապրելու երկիրը» հավասար թվով ձայներ են ստացել։