Լոռու մարզպետարանը ստուգող հանձնաժողով է ուղարկել Ալավերդու համայնքապետարան՝ քաղաքական դրդապատճառներով ու ամեն ինչ անում է տեղի իշխանության աշխատանքը տապալելու համար, պնդում է ամիսներ առաջ համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանը։
Մարզպետարանը հունիսին համայնքապետարանի համար անսպասելի Ալավերդիում ստուգումներ է սկսել, այն դեպքում, երբ դրանք նախատեսված էին ավելի ուշ՝ այս տարվա չորրորդ եռամսյակում։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետն ասում է՝ մեկ ամսվա ստուգումների ընթացքում «տեռորի են ենթարկել» իր աշխատակիցներին։
«Անօրինական կերպով բերեցին երկու հոգի փորձագետ կոչված մարդկանց, մի քանի օր քաղաքաշինության բաժնում տեռորի ենթարկեցին մեր աշխատողներին, այսինքն՝ առանց փաստաթղթի եկել էին և համայնքում ստուգումներ էին անցկացնում ոմն փորձագետներ», - ասաց նա։
«Մարզպետարանը ստուգող կառույց չէ, աջակցող կառույց է»
Ալավերդու համայնքապետարանից ստացված փաստաթղթերից երևում է, որ ստուգել են ոչ միայն անցած տարվա ընտրություններից հետո եղածը, այլև Արկադի Թամազյանը գործունեությունը՝ որպես Ախթալայի համայնքապետ։ Ինչո՞ւ են ստուգում մի ժամանակաշրջան, որն արդեն նախկինում՝ դեռ 2021-ին, ստուգել է մարզպետարանն ու լուրջ խախտումներ չի հայտնաբերել, հարց է բարձրացնում Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը։
«Ստուգում արած համայնքը նորից ստուգում էին անում մարդիկ, ես չեմ հասկանում դրա միտումը։ Այն ժամանակ եթե ոչինչ չի եղել, նորմալ է եղել, երևի լրացուցիչ ստուգում էին անում, չէին ստուգում ամենակարևորը՝ Շնող համայնքը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքի ղեկավարն է», - նշեց նա։
Օրինակ՝ Ալավերդիում գտած խախտումների մասին արձանագրության մեջ նշել են, որ 2018-22 թվականներին Ախթալայի Մեծ Այրում գյուղում վարչական ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերն առանց մրցույթի վարձակալության է տվել, կամ որ 2020-ին նույն Ախթալայում հողատարածքներ են օտարվել օրենքի խախտումով։ Մեկ այլ դեպքում, ըստ հանձնաժողովի, համայնքի բնակիչներին սոցիալական օգնություններ տրամադրելիս չեն ուսումնասիրվել շահառուների համայնքին ունեցած հարկային պարտավորությունները։ Մինչդեռ 2021-ին նույն մարզպետարանի Ախթալա համայնքում կատարած ստուգումների արդյունքների մեջ նման խախտումներ հայտնաբերված չեն։
«Մարզպետարանը ստուգող կառույց չէ, մարզպետարանն աջակցող կառույց է, ինքը պիտի այդ արդյունքների մասով ներկայացնի, որ համայնքը թերությունները վերացնի, ստուգման ձևաչափը դա է ընդհանրապես, բայց միտումը, պարզ է, որ դա չէր», - նշեց համայնքապետը։
Սրանք պլանային ստուգումներ են. մարզպետ
Սրանք պլանային ստուգումներ են և ոչ մի քաղաքական նպատակ չեն հետապնդում, հակադարձում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
«Որևիցե միտում չկա, որևիցե հատուկ վերաբերմունք չկա։ Եթե այնտեղ լինեն քրեական տարրեր կրող խախտումներ, մենք կդիմենք համապատասխան մարմիններ, իրավապահ մարմիններն իրենց գնահատականը կտան։ Իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ կան լուրջ խնդիրներ», - ասաց նա։
Իսկ ինչո՞ւ են ստուգել Ալավերդին և ոչ Գյուլագարակը, ինչպես նախատեսված էր։ Մարզպետն ասում է՝ դա արել են ըստ նպատակահարմարության։ «Հետք» պարբերականն անցած ամիս հետաքննություն էր արել Գյուլագարակում ու պարզել, որ ՔՊ-ական համայնքապետն համայնքայի հողատարածքների է տիրացել՝ ապօրինի։
«Համայնքապետի հետ ես «Հետքի» հրապարակումից հետո քննարկել եմ, և ինքը ինձ հավաստիացրել է, որ այդ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, բայց հետագայում մենք այդ ամեն ինչը մանրամասն և բազմակողմանի կուսումնասիրենք», - վստահեցրեց Արամ Խաչատրյանը։
Նույն մարզպետարանն անցած տարի ամռանն ստուգել էր Սպիտակի ու դրա հետ միավորված գյուղերի գործունեությունն ու, օրինակ, չէր հայտնաբերել, որ նախորդ տարի պետության սուբվենցիոն ծրագրով ձեռքբերված էքսկավատորը նախկին գյուղապետի փեսայի բակում է, նախկին ավագանին այն նվիրել էր գյուղապետի ընտանիքի հետ առնչվող կոոպերատիվին։ Ավելի վաղ «Ազատությունը» բազմաթիվ հրապարակումներ է արել, թե ինչպես էին հանկարծ մի օր Մեծ Պարնիից անհետացել 250 հազար դոլարանոց հաստոցն ու սարքավորումները։ Այդ դեպքում ևս մարզպետարանը լուռ էր։
«Մենք չենք կարա իրենց պարտադրենք կամ կարգադրենք, մենք միայն առաջարկում ենք», - ասում է մարզպետը։
Դեռ 2020-ին՝ Ալավերդու ընտրություններից առաջ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանը, որ հետո նաև իշխող կուսակցության համայնքապետի թեկնածուն դարձավ, անխնա քննադատում էր Ալավերդու հանրապետական իշխանություններին, նշում, թե այստեղ կատարված ծրագրերն ու ծախսերն անարդյունավետ են, գումարները փոշիացվել են։ Հանցագործություն էր համարում, որ քաղաքի հանրապետական ղեկավարները տարիներ շարունակ սանտիմետր առ սանտիմետր վաճառել են քաղաքի ներդրումների համար նպաստավոր բոլոր հատվածներն ու շինությունները, և վիճակն Ալավերդիում աղետալի էր համարել։
Այսօր արդեն Ալավերդու համայնքապետարանում չարաշահումների փաստերով քրեական վարույթներ չկան, մարզի ղեկավարն էլ հանրապետական նախկին քաղաքապետ Սասուն Խեչումյանի պաշտոնավարումից դժգոհ չի մնացել. - «Սասուն Խեչումյանը պարկեշտ անձնավորություն է եղել, և մենք իրար հետ շատ նորմալ աշխատել ենք»։
Այս տարվա հոկտեմբերին՝ ընտրություններից մեկ տարի անց, ավագանին գործող համայնքապետին անվստահություն հայտնելու և ավագանու կազմից նոր համայնքապետ ընտրելու իրավունք ունի։ Այս պահին այստեղ իշխող «Ապրելու երկրի» ու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ձայները հավասար են։ ՔՊ-ն էլ հավանական է համարում, որ անվստահության գործընթաց կսկսի։ Ալավերդին Լոռու միակ խոշորացված համայնքն է, որտեղ ղեկավարը «Քաղաքացիական պայմանագրից» չէ։