Մատչելիության հղումներ

Oտարման ոչ ենթակա փողոցի սեփականաշնորհման արդյունքում ալավերդցին չի կարողանում մոտենալ իր տարածքին. անցակետեր կան


Ալավերդցի Աշոտ Տիտանյանը 5800 քառակուսի մետրի սեփականության վկայականը ձեռքին չի կարողանում անցնել Կիրովի փողոցի վրա տեղադրված արգելափակոցներն ու մոտենալ իր տարածքին։ Ալավերդու արդեն չգործող գործարանի սեփականատեր «Վալլեքս գրուպ» ընկերությունն է այստեղ անցակետեր ու երթևեկությունը փակող մետաղական կոնստրուկցիաներ տեղադրել։

«Ընդհանրապես ոչ մի ճանապարհ չունենք, նույնիսկ էնպես են փակել՝ ոտքով էլ չես կարա անցնես։ Քանի անգամ էս 18 տարվա մեջ փորձել ենք արտադրություն տարբեր տեսակի, խոչընդոտում են մարդիկ, խանգարում, չեն թողնում։ Հարյուր անգամ նեդրողներ եկան, որ ներդրում անեն, աշխատի, պահածոների ցեխ էին ուզում դնենք, քարի ցեխ, շատ բաներ», - ասում է նա։

Ամեն անգամ մոտենում է արգելափակոցներին, ապարդյուն լեզվակռիվ տալիս գործարանի տարածքը պահպանող աշխատակիցների հետ ու հեռանում. - «Ամեն անգամ էս նույն պատմությունն է, չեն բացում, մի հատ զանգենք Սամվելին, Սամվելը զանգի իր վերադասին, վերադասը՝ Երևան, Երևանից՝ Ղարաբաղ, Ղարաբաղից՝ Մոսկվա, վերջում ասում են՝ չեն թույլատրում»։

Այսօր էլ անցակետում Աշոտ Տիտանյանի ճանապարհը փակած աշխատակիցներն ահազանգեցին վերադասին, թե՝ օտար մարդիկ են հայտնվել տարածքում։ Որոշ ժամանակ անց պահնորդական խմբի ղեկավար Սամվել Դավթյանը եկավ, ու թե՝ ճամփա տալու հրահանգ վերևից չունեն։

Համայնքապետարանի տվյալներով՝ դեռ խորհրդային տարիներին Ալավերդուց Մադան գյուղ տանող այդ ճանապարհը Կիրովի փողոց է կոչվել ու 2001 թվականից համայնքային սեփականություն եղել։ 13 տարի անց արդեն՝ 2014-ին, միջհամայնքային փողոցը դարձել է «Վալլեքս գրուպի» սեփականությունը։ Համայնքապետարանում ասում են՝ որևէ արխիվային փաստաթուղթ չեն գտնում, թե ինչ հիմքով են մասնավոր ընկերությանը կադաստրում սեփականության վկայական տվել։ Ինչպե՞ս է Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանի Կիրովի փողոցի վրա գտնվող վարչական շենքի հասցեն Սպանդարյան 2 փոխվել՝ Կիրովի հետ խաչվող փողոցի անունով։ Ասում են՝ փաստ է, որ ներկայիս քարտեզներում որևէ տեղ Կիրովի փողոց այլևս չկա։

Դեռ 2020-ին համայնքապետարանին հասցեագրված գրության մեջ ոստիկանությունը բարձրացրել է այս հարցերն ու պատասխան սպասել համայնքի իշխանություններից։ Այդ ժամանակվա համայնքապետ Սասուն Խեչումյանը պատասխանել է. - «Հայտնում ենք, որ Կիրովի փողոցի վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնաբերվել արխիվ տեղափոխված փաստաթղթերի ցանկում։ Ինչ վերաբերում է Կիրովի փողոցը Սպանդարյան վերանվանելուն, հայտնում եմ, որ համայնքապետարանի կողմից այդպիսի որոշում չի կայացվել, այն դեռևս համարվում է Կիրովի փողոց։

Ինչ վերաբերում է մետաղյա կոնստրուկցիաներ և արգելափակոցներ տեղադրելուն, համայնքապետարանը երբևէ չի թույլատրել, ավելին՝ 2019թ.-ին Ալավերդի համայնքի ղեկավարը բանավոր արգելել է մետաղյա կոնստրուկցիաներ տեղադրել»։

Համայնքապետարանը ոստիկանությանը տեղեկացրել է նաև, որ Ալավերդու բնակչությունը Մադան գնալու համար օգտվում է շրջանցիկ ճանապարհից։ Այս բոլոր պատասխաններն ստանալուց հետո 2020-ին դատախազությունը քրեական գործ է հարուցել, ենթադրյալ հանցագործություն համարել, որ տարիներ առաջ օտարման ոչ ենթակա փողոցի 90 մետրը ապօրինի է հանձնվել «Վալլեքս գրուպին»։ Քրեական վարույթի մեջ նշվել է, թե Կադաստրի կոմիտեի պաշտոնյաները առերևույթ չարաշահել են իրենց լիազորություններն ու սեփականության իրավունք գրանցել համայնքային փողոցի նկատմամբ, բայց քրեական վարույթ հարուցելուց ընդամենը մեկ տարի անց գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Այսօր Քննչական կոմիտեից չմանրամասնեցին՝ ինչո՞ւ այդպես էլ հանցակազմ չի համարվել օտարման ոչ ենթակա փողոցի սեփականաշնորհումը, այն դեպքում, երբ նմանատիպ մեղադրանքով ավելի քան մեկուկես տարի բանտում է Վանաձորի նախկին համայնքապետը։

«Վալլեքս» ընկերությունից էլ հորդորեցին հարցերը գրավոր ուղղել։

Իր սեփական տարածք մտնելու հնարավորությունից զրկված Աշոտ Տիտանյանն Ալավերդիում տարիներ շարունակ բարձրաստիճան ոստիկան է եղել, իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցրել։ Նախկին փոշեմետալուրգիայի արտադրամասի տարածքն էլ հենց այդ տարիներին է սեփականացրել՝ պետական այս հիմնարկի լուծարումից հետո։

«Այն ժամանակ էլ քաղաքական աստառ էին տալիս, դրա համար խուսափում էինք, հեռու մնում», - ասաց նա։

Տիտանյանը չի բացահայտում՝ ինչ քաղաքական շահարկումներ էին տեղի ունենում 2005-ին ու դրանից հետո, բայց պնդում է, թե տնօրինության հետ իր սեփական տարածք մտնող ճանապարհի ապաշրջափակման բոլոր փորձերն ապարդյուն են անցել. - «Խուսափում են, չեն հանդիպում, ամեն ինչ, ժխտողական պատասխան»։

Ի վերջո, Տիտանյանի առաջ բացեցին արգելափակոցը, բայց միայն պահնորդների ուղեկցությամբ նա կարողացավ առաջ գնալ։ Տարածքից հեռու տեղադրված ցանկապատն ու արդեն ժանգոտած կողպեքները, սակայն, անանցանելի էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG