Մատչելիության հղումներ

«Կգա՞ք, գնանք Լարս, հաշվենք». խցանումների շուրջ թեժ քննարկում՝ ԱԺ հանձնաժողովի նիստում


Լարսի անցակետում շարունակվող խցանումների ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, թե Հայաստանից վնասատուներով վարակված ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մատակարարումների կտրուկ աճ է արձանագրել։

Խցանումների արդեն 6-րդ օրն է, գյուղղմթերքը փչանում է, կառավարությունից հայտարարում են՝ կփորձեն պատճառները հասկանալ առաջիկա օրերին։

Առանց անդրադառնալու խցանումներին, բայց հենց այդ օրերի մասին խոսելով՝ Ռուսաստանի պետական մարմինը պնդել է՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստան վարակված ապրանքի ներկրման 36 դեպք են արձանագրել։ Եվս հինգ դեպքում էլ թունաքիմիկատների պարունակությունն է թույլատրելիից բարձր եղել։

«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով չառաքել վարակված ապրանքը Ռուսաստան։

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում, և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա է վերադարձվում, այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարումների իրենց ապրանքների որակների մեջ որևէ փոփոխություն չենք…», - ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա կարծում է՝ Հայաստանի պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ իր բերած ցածր վիճակագրության պատճառով։ Հիմա ուսումնասիրում են «Ռոսսելխոզնադզորի» հրապարակումն, իսկ առաջիկա օրերին ԵՏՄ շրջանակներում փորձելու են հասկանալ վերջին օրերին դեպքերի ավելացման պատճառը։

Ռուսաստանի կողմից ճնշում է բանեցվում, թե՝ ոչ, նախարարը խուսափեց գնահատական տալ, բայց խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստում ասում էր՝ բոլոր ձվերը չի կարելի դնել մի զամբյուղի մեջ։

Հենց Ռուսաստանն է ապրանքների արտահանման հայկական ամենամեծ շուկան։ Քերոբյանի խոսքով՝ մտածում են արտահանման խթանման գործիքներ ներդնելու մասին, օրինակ, լոգիստիկ ծախսերը փոխհատուցել այլ շուկաներ, ընդհուպ ԵՄ մտնելու համար։

«Եղած իրավիճակը համարում եմ, որ լավ առիթ է, որպեսզի բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ, ասենք՝ մեր քթի տակ կան այնպիսի կիսադատարկ շուկաներ, ինչպիսիք Իրաքն է կամ Ծոցի երկրներից», - ասաց նա։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը հակադարձեց՝ իշխանությունն ապագայի ծրագրերից է խոսում՝ լուծում չտալով օրվա խնդրին. - «Մի մասը հետ է գալիս, մի մասը ինչ-որ պատահականությունով անցնում է, մի հատ խատնաշփոթ վիճակ է։ Այդ մարդիկ հո որբի գլուխ չեն, ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը չէ՞, տնտեսությունը։ Որ ես Ձեզ առաջարկեմ, միասին գնանք Լարս, կգա՞ք գնանք, հաշվենք, տեսնենք՝ կոնկրետ քանի մարդ ինչքան կորուստ ունի»։

«Այդ նպատակի համար ես չեմ գա, որովհետև դա կարելի է օնլայն էլ հաշվել», - արձագանքեց նախարարը։

Քննարկման մի թեժ պահի Փաշինյանի թիմակիցները կրկին հիշեցին նախկիններին. - «Եթե աշխատանքը սկսեիք կատարել սրանից 10-15 տարի առաջ, ու մենք մեր արտահանման շուկաները այնպես կարողանայինք դասավորել, որ մեկ շուկայից կախվածություն չունենայինք ու մեկ ճանապարհից, այսօր այդ խնդիրները այդքան լուրջ ազդեցություն չէին ունենա մեր տնտեսության վրա»։

«Այսինքն՝ 15 տարի առաջ ի՞նչ աներ Հայաստանի Հանրապետությունը, Լարսը գրավե՞ր, որ լիներ հայկական տարածք, ու այնտեղից բեռները ազատ անցնեին ու գային, որ այսօրվա իշխանությունները… մոռացել են, որ իրենք 5 տարի իրենք իշխանության են», - ասաց պատգամավորը։

Ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանը չի բացառում, որ Մոսկվան հայ-ռուսական լարված հարաբերությունների պատճառով է տնտեսվարողներին ճնշում, բայց իշխանության, կոնկրետ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունն էլ «տղայական» է որակում, կոնկրետ թվերով է հակադարձում։

Փաշինյանի թիմակից Արայիկ Հարությունյանը երեկ Ֆեյսբուքում գրել էր. «Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»:

«Ներքին շուկան բավարարելուց հետո 6 միլիարդ էլ արտահանվում է, 6 միլիարդն այս մի ամսում բերենք, ո՞ր սեղանին դնենք կամ ո՞ւմ Նոր տարին 6 միլիարդ դոլարով ապահովենք», - ասաց պատգամավոր Ավետիսյանը։

Լարսի անցակետում 3-րդ օրը խցանման մեջ մնացած Հայկ Սահակյանը շինանյութ է տեղափոխում, կարծում է՝ խնդիրը մաքուր քաղաքական է։

«Կոպիտ ասած՝ որ ռուսի հետ թարսվել է, դրա համար էլ սենց։ Ի՞նչ սանիտարահիգիենիկ, բա խի՞ առաջ չէին ասում», - հարցնում է նա։

Այս օրերին հնչող քննադատություններից ամենատարածվածը՝ կառավարությունը գտե՞լ է հայկական արտադրանքի արտահանման համարժեք այլընտրանքային շուկաներ, երբ հայտարարություններն ավելի են սրում վիճակը, նախարար Քերոբյանն ասում է. - «Կառավարությունն օգնում է, որպեսզի բազմաթիվ տասնյակ արտահանողներ գնան Չինաստան ցուցահանդեսի և այդ ցուցահանդեսում ձեռք բերեն նոր գործընկերներ, գնան ԱՄԷ, Գերմանիայում, Ճապոնիայում և այլն»։

«Այս իշխանությունը որոշել է պատմական մի հատ տենց հեղափոխություն անի, և հանկարծ պարզվի, որ հայկական կոնյակը, ենթադրենք, Կամերոնում, Զամբիայում դառնա ավելի մեծ պահանջարկ ունեցող, քան Ռուսաստանում, դա իրենց պիտի հարցնեք, որովհետև ես աբսուրդի ընդհանուր այդ ժանրին լավ չեմ տիրապետում, և դա տնտեսագիտության հետ կապ չունի», - նշեց պատգամավորը։

XS
SM
MD
LG