Մի քանի օր տևած լռությունից հետո ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու փորձագետները սկսեցին արձագանքել 44-օրյա պատերազմի մասին ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի՝ Բեռլինում գործող Meydan TV կայքի հրապարակված ձայնագրությանը՝ պնդելով, որ գաղտնալսման ի հայտ գալն, ինչպես նաև ձայներիզում տեղ գտած փաստերը պետք է լրջորեն հետաքննվեն։
Պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի դժվարությունների մասին բացահայտումների հեղինակը Առաջին բանակային կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլին էր։ Ըստ Meydan TV-ի, ձայնագրությունն արվել է ռազմական գործողությունների ավարտից մի քանի օր անց և գնդապետ Սամիդլիի մահվանից մի քանի օր առաջ։ Ադրբեջանցի սպան զոհվել էր 2020-ի նոյեմբերի 23-ին Մատաղիսում` ականի պայթյունից։
«Եթե վերցնենք տանկերը, հրետանին ու ականանետերը, ապա անձնակազմի հարաբերակցությունը [մեր և հայերի միջև] մեկը մեկին էր, չնայած այն հանգամանքին, որ հարձակվող կողմը պետք է եռապատիկ առավելություն ունենա», - ձայնագրության մեջ նշում է ադրբեջանցի գնդապետը՝ պնդելով՝ թե՛ 2020-ի հուլիսին՝ Տավուշի դեպքերից և թե՛ 44-օրյա պատերազմից առաջ Գլխավոր շտաբի ղեկավարությունը Իլհամ Ալիևին սխալ տվյալներ էր զեկուցում՝ միտումնավոր կերպով նվազեցնելով հայկական զորքերի քանակն ու կարողությունները։
«Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը ճնշում էր գործադրում մեզ վրա։ Նա ստիպում էր մեզ հակառակորդի մասին սխալ, կրճատ տեղեկություններ տրամադրել, միայն թե կարողանան Գլխավոր հրամանատարին զեկուցել, որ առավելությունը մեր կողմն է, և մենք պատերազմին պատրաստ ենք։ Եվ սա չնայած նրան, որ կորպուսի հրամանատարներն ասում էին՝ 140 տանկով մենք [հայերի] 140 տանկերի դեմ հարձակման անցնել չենք կարող։ Մենք գոնե 250 տանկ պետք է ունենանք, [վերադաս սպաները] սակայն, ստիպում էին կրճատել այդ թիվը։ Մեր կորպուսի հրամանատարն, օրինակ, հրաժարվեց և [Այազ Հասանովը] նրան սկսեց վիրավորել՝ ասելով՝ «գնա պամպերս հագիր, դու վախկոտի մեկն ես», ասում է գնդապետ Սամիդլին։
Ըստ ադրբեջանցի զինվորականի, իրադրությունը ռազմաճակատում փոխվեց միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մշակմանը միացան թուրք զինվորականները՝ ստեղծված կացությունն ուղղակի զեկուցելով Թուրքիայի նախագահ Էրդողանին։
Այդ թուրք զինվորականներից մեկին գնդապետ Սամիդլին ձայնագրության մեջ ներկայացնում է որպես Բախտիյար փաշա։ Խոսքն, ըստ ամենայնի, Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ Բախտիյար Էրսայի մասին է, որը մի շարք աղբյուրների վկայությամբ՝ պատերազմի ողջ ընթացքում եղել է Ադրբեջանում։ Բուն ռազմական գործողությունների ընթացքում, ըստ ադրբեջանցի զինվորականի, գոնե այն հատվածում, որտեղ ինքն է կռվել (դա, հիշեցնենք, Մարտակերտի շրջանն է) հայերը առավելություն են ունեցել հրետանային կրակի տեսանկյունից։
«Թշնամի D20 հաուբիցներ ուներ, որոնց կրակի հեռահարությունը 30 կիլոմետր է։ Իսկ մենք ավելի շատ D30 և D44 հաուբիցներ ունեինք, որոնք առավելագույնը 15 կիլոմետր էին կրակում։ Ժամանակին Բելառուսը վաճառում էր այդ D20-ները, մերոնք, սակայն, գերադասեցին Ռուսաստանից D30 առնել, բելառուսներն էլ D20 հաուբիցները ծախեցին Հայաստանին», - պատմում է Սամիդլին։
Բացի այդ զինվորականը պնդում է, որ գոնե իր հրամանատարության տակ գործող ստորաբաժանումներում հանդերձանքի և հատուկ միջոցների լուրջ պակաս կար։
«Կապի միջոցներով մենք ապահովված էինք 49 տոկոսով, զրահաբաճկոններով՝ 62 տոկոսով։ Ողջ կորպուսում ընդամենը յոթ հատ GPS տեղորոշիչ կա», - նշում էր Սամիդլին։
Նման իրավիճակում, ըստ ադրբեջանցի զինվորականի, 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվեց հաղթել երկու հիմնական գործոնների՝ հարձակման ընթացքում կորուստների հետ հաշվի չնստելու և թուրքական հարվածային անօդաչուների շնորհիվ։
«Եթե «Բայրաքթարները» չլինեին, մենք առավելությունը չէինք պահպանի։ Մենք հարձակման ընթացքում կպարտվեինք», - նշում է գնդապետը։
Ըստ ռազմական փորձագետի, Սամիդլիի բացահայտումները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն
«Բարձրագույն սպայակազմի ներկայացուցչի մասնավոր զրույցի ձայնագրության հրապարակմանը հարկավոր է պաշտոնական գնահատական տալ», - արձագանքելով այս բացահայտումներին՝ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը։
Ռազմական փորձագետ Ուզերի Ջաֆարովի կարծիքով էլ գնդապետ Սամիդլիի բացահայտումները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։
«Հարկավոր է հետաքննել, թե՛ 2020 թվականի Թովուզի դեպքերը, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները և թե՛ այս տարվա սեպտեմբերյան մարտերը», - նշել է փորձագետը՝ հատուկ ընդգծելով, որ այդ հետաքննությունները հանրայնացնելու որևէ կարիք չկա։
Իսկ ադրբեջանցի մեկ այլ վերլուծաբանի՝ Արաստուն Օրուջլուի համոզմամբ, սկանդալային ձայնագրության ի հայտ գալը Պաշտպանության նախարարությունում ընթացող ներքին պայքարի դրսևորումներից մեկն է։
«Տեսանելի է, որ թիրախավորվել է ՊՆ ներսում գործող խմբավորումներից մեկը և առաջիկայում այդ ներքին պայքարը սրվելու է», - նշում է Օրուջլուն՝ հավելելով, - «արագորեն սրվող աշխարհաքաղաքական իրադրության, օրեցօր աճող լարվածության և Ադրբեջանի շուրջ աճող սպառնալիքների պայմաններում, բանակը վստահել միմյանց հետ պայքարող քրեական խմբավորումներին նշանակում է երկիրն ու ժողովրդին ենթարկել լրջագույն ռիսկերի»։