Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ո՞ր ուժն է 2021-ի ընտրություններում Մոսկվայի աջակցությունը խնդրել


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Հայաստանյան ընդդիմադիր ո՞ր ուժն է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի աջակցությունը խնդրել, ինչի մասին օրերս հայտարարել է Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցացրույցում Զատուլինն անուններ չէր տվել, միայն նշել էր, թե հայաստանյան ընդդիմության խնդրանքը ռուսները մերժել են, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո ստորագրված եռակողմ համաձայնագրի մի կողմը Նիկոլ Փաշինյանն էր, և եթե նա իշխանությունը կորցներ, կարող էին կրկին ռազմական գործողություններ սկսվել, ինչը Ռուսաստանին ձեռնտու չէր:

«Ընդդիմությունը դիմեց մեզ՝ խնդրելով տեսանելի կերպով աջակցել։ Մենք ասացինք՝ ոչ մի դեպքում, նա Ղարաբաղում կրակը դադարեցնելու եռակողմ համաձայնությունը ստորագրածներից մեկն է, եթե նա չլինի, կրկին ռազմական գործողություններ կսկսվեն, մենք չենք ցանկանում ներքաշվել, մենք մեր գործերն ունենք, ուստի ձեռք մի տվեք նրան», - ասել է ռուսաստանցի գործիչը:

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 21 կուսակցություն և 4 դաշինք: Հարցազրույցից պարզ չի դառնում, թե նրանցից ով է, ըստ Զատուլինի, օգնություն խնդրել Ռուսաստանից, և ինչպես պետք է դրսևորվեր այդ օգնությունը։

Խորհրդարանական ընդդիմությունը վստահեցնում է՝ իրենք չեն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

Ընտրություններին մասնակցած և խորհրդարան անցած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հորդորում է Զատուլինին անուններ տալ։

«Ինչո՞ւ պիտի Դաշնակցությունը դիմած լիներ, կամ «Հայաստան» դաշինքը դիմած լիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը: - «Ընդդիմությունը մոնոլիտ չի, տարբեր ընդիմադիր հոսանքներ կան, 21 թվականին կարծեմ 25 կուսակցություն, դաշինք մասնակցում էր ընտրություններին, որոնցից առնվազն 20-ը իրեն դիրքավորում էր որպես ընդդիմադիր: Իրենք դիմել են, թե՝ չէ, տեղյակ չեմ»:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը ընտրությունների ժամանակ աջակցել, դաշնակցական պատգամավորն արձագանքեց. - «Մենք արդեն ինչ-որ տեսական հարցեր ենք քննարկում, գաղափար չունեմ: Եթե Զատուլինը գիտի՝ ով է դիմել, թող անունը տա, գնացեք իրան հարցրեք»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, արխիվ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես պնդում է, որ երբևէ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ներքաղաքական գործընթացների համար աջակցություն չեն խնդրել։

«Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ իշխանափոխություն պետք է իրականացնի հայ ժողովուրդը: «Միակ բանը, որ մենք ակնկալում ենք միջազգային հանրությունից՝ լինել չեզոք և անաչառ ընտրությունների վերաբերյալ գնահատականներ տալիս: Բայց ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբևէ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից աջակցություն ներքաղաքական խնդիրների համար չի խնդրել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին՝ իսկ ընդհանրապես նման պրակտիկա գոյություն ունի՞, երբ Հայաստանում քաղաքական ուժը կարող է խնդրել այլ երկրից աջակցություն, և ի՞նչ ձևով այդ աջակցությունը կարող է ընդհանրապես լինել, Մամիջանյանն արձագանքեց. - «Չեմ կարծում, որ հարցի հասցեատերը ես եմ: Ես կարող եմ խոսել Հանրապետականի անունից՝ Հանրապետականի անունից արդեն ասեցի: Խորապես վստահ եմ, որ Փաշինյանի հարցերը՝ քաղաքական տեսանկյունից, պիտի լուծեն հայրենասերները, պիտի լուծենք մենք՝ հայերս»:

Իշխանությունը չի էլ կասկածում, որ խոսքը ներկայիս խորհրդարանական ընդդիմության մասին է

Իշխանությունը, մինչդեռ, չի էլ կասկածում, որ հենց ներկայիս խորհրդարանական ընդդիմությունն է ընտրությունների ժամանակ աջակցություն խնդրել Մոսկվայից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է, թե խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեությամբ ապացուցում է Զատուլի ասածը։ Թե կոնկրետ որ գործողությունները նկատի ունի, իշխանական պատգամավորը չմանրամասնեց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ

«Միանշանակ հնարավոր համարում եմ, ավելին՝ առհասարակ չեմ կասկածում, որ նման բան տեղի է ունեցել, որովհետև մեր ընդդիմությունը, խոսքս խորհրդարանական ընդդիմության մասին է իհարկե, կասկածելու առիթ ընդհանրապես չի տալիս, որ ընդունակ է նման գործելակերպի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ալեքսանյանը:

Հարցին՝ կարո՞ղ է փաստեր, հիմնավորումներ ներկայացնել, ՔՊ պատգամավորն արձագանքեց. - «Մեր խորհրդարանական ընդդիմության ամբողջ քաղաքական գործունեությունը դրա վառ ապացույց է, ու էնտեղից ինչ-որ մի դրվագ առանձնացնելը կհամարեմ ոչ-կոռեկտ»:

Խորհրդարանական ընդդիմությունը ներկայիս հայ - ռուսական լարվածության պայմաններում սովորաբար չի քննադատում Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

Ի դեպ, կոշտ քննադատելով վարչապետ Փաշինյանին՝ Պետդումայի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագահը նշել էր, թե Հայաստանի վարչապետը ծրագրում է երկիրը տանել այլ ուղղությամբ ու ժամանակի ընթացքում դուրս է գալու և՛ ՀԱՊԿ -ից, և՛ Եվրասիական տնտեսական միությունից, ինչպես նաև հանելու է ռուսական ռազմաբազան Գյումրիից։ Հայաստանի իշխանությունները, մինչդեռ, ի պատասխան նշում են՝ այս պահին իրենց օրակարգում նման հարց չկա։

«Այս փուլում, այս պահին մեր օրակարգում էդպիսի հարցեր չկան», - օրերս հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Հայաստանի իշխանություններն անցած տարի արգելեցին Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին այցելել Հայաստան, Ազգային ժողովը նրա այցը համարել էր անցանկալի։

Ընդդիմադիր ո՞ր ուժն է 2021-ի ընտրություններում Մոսկվայի աջակցությունը խնդրել
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG