Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Մայդանի՝ Արժանապատվության և ազատության օրվա տասնամյակը


Այսօր Ուկրաինայում նշում են Մայդանի՝ Արժանապատվության և ազատության օրվա տասնամյակը։

2013-ի նոյեմբերին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել եվրաինտեգրման մասին համաձայնագիրը, սկսվեցին զանգվածային ցույցեր, որոնք ի վերջո հանգեցրին նրա փախուստին։ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, սկսվեցին մարտեր Դոնբասում։

Մոսկվայում երբ խոսում են Ուկրաինայի դեմ արդեն մեկ տարուց ավելի շարունակվող պատերազմի պատճառների մասին, առաջինը եվրամայդանն են թվարկում՝ անվանելով այն ապօրինի իշխանափոխություն։ Արևմուտքը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ չի դադարեցնի աջակցությունը Ուկրաինային, որը իրավասու է անձամբ որոշել իր ճակատագիրը:

Այսօր Մայդանի տասնամյակին Կիև են ժամանել Գերմանիայի պաշտպանության նախարարը, Մոլդովայի նախագահը, երեկ էլ այստեղ էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը:

Պենտագոնի ղեկավարը, չնայած ռազմի դաշտում այսօր ստեղծված բարդ իրավիճակին, գովել է ուկրաինական բանակը. - «Կարծում եմ, որ Ուկրաինան պատրաստ է ձմռան մարտերին և, իհարկե, նրանք հիանալի աշխատանք կատարեցին անցած տարի»:

Լլոյդ Օսթինը շեշտել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զգալի վնաս են հասցրել ռուսական բանակին, ուկրաինացիներին հաջողվել է հետ գրավել նախկինում օկուպացված տարածքի գրեթե կեսը և ուկրաինայի ափերից քշել ռուսական Սևծովյան նավատորմը։ Մինչ Օսթինը Կիևում էր, Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է Ուկրաինայի համար խիստ անհրաժեշտ հրթիռային ու հակատանկային համակարգեր։

Օսթինը ևս մեկ անգամ հավաստիացրել է Կիևին, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պատերազմում։ Այդուամենայնիվ, ABC News-ի աղբյուրի համաձայն, չնայած Վաշինգտոնի հավաստիացումներին, որ Ուկրաինային օգնությունը չի կրճատվի «Համաս»-ի հետ Իսրայելի պատերազմի պատճառով, Կիևին զենքի մատակարարումները նվազել են հոկտեմբերի սկզբից:

Իրավիճակը ռազմի դաշտում մնում է չափազանց լարված

Մինչդեռ իրավիճակը ռազմի դաշտում մնում է չափազանց լարված․ ռուսական զորքերը փորձում են հակագրոհի գնալ և հարձակվել Լիմանի ուղղությամբ որտեղ ակտիվ մարտեր են ընթանում։ Ուկրաինացիները, սակայն, դիմադրում են, ռուսներին չի հաջողվում շոշափելի առաջխաղացում արձանագրել։ Մինչ այդ Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, թե ռուսները ռազմական գործողություններից բացի նաև գաղտնի գործողություններ են պատրաստում՝ առաջիկա ամիսներին իրեն պաշտոնանկ անելու համար։ Այդ մասին Զելենսկին ասել է բրիտանական Sun-ին տված հարցազրույցում:

«Օպերացիայի անվանումն է «Մայդան 3»: Այն կոչված է փոխել նախագահին: Միգուցե ոչ սպանությամբ, բայց նրանք կօգտագործեն ցանկացած գործիք, որն ունեն։ Դա է գաղափարը, մինչև տարեվերջ», - նշել է նա:

Ուկրաինայի նախագահը պնդել է, որ իր դեմ արդեն այնքան մահափորձեր են եղել, որ կորցրել է հաշիվը։ Ամենահիշարժանը, ըստ Զելենսկու, առաջին փորձն էր, որը ռուսական հատուկ ծառայությունները ձեռնարկել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG