Մատչելիության հղումներ

Կիևը հաղորդում է 15 «Շահեդ» խոցելու, Սոբյանինը՝ Մոսկվայի մարզում անօդաչու ոչնչացնելու մասին


Իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր, արխիվ
Իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են ռուսական զորքերի կողմից երկրի տարածք արձակված 20 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից 15-ը: Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, իր հերթին, հաղորդել է Մոսկվայի մարզում անօդաչու ոչնչացնելու մասին:

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության տվյալներով՝ գիշերը հակաօդային պաշտպանությունն աշխատել է Կիևի, Չեռնիգովի և Պոլտավայի մարզերում: Կիևի ռազմական վարչակազմի վկայությամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում և քաղաքի մատույցներում ոչնչացվել է շուրջ մեկ տասնյակ դրոն:

Նախնական տվյալներով՝ Կիևի մարզում զոհեր և տուժածներ չկան, վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ:

Սերգեյ Սոբյանինն էլ հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի գրոհի փորձ: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ինքնաթիռի տիպի անօդաչուն խոցվել է Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային շրջանի վրա: Տուժածներ և ավերածություններ, ըստ Մոսկվայի քաղաքապետի, չկան:

Սոբյանինը նախորդ անգամ անօդաչու թռչող սարքի գրոհի և այն վնասազերծելու մասին հաղորդել էր հոկտեմբերի 7-ին:

XS
SM
MD
LG