Երևանը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Մոսկվայի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, մենք նույն կերպ կարձագանքենք դրանց»,- ասել է նա՝ առանց նշելու, թե կոնկրետ որ քայլերի մասին է խոսքը։
Այդուհանդերձ, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են ինտենսիվ շփումները երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ։
Մոսկվայի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության արևմտյան «ընկերները» տորպեդահարում են դրական ամեն բան, որոնց հնարավոր է եղել հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի և Եվրամիության հուշումներով, եռակողմ համաձայնագրերի շրջանակներից դուրս, մեր կարծիքով, հայտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից կտրվելու վտանգի առաջ։ Շատ տեղերում են ԱՄՆ-ն և Եվրամիությունը հանդես եկել որպես երաշխավոր»,- ասել է Մարիա Զախարովան։