Ասիական զարգացման բանկը հաստատել է Ադրբեջանին 400 միլիոն դոլարի վարկի տրամադրումը, որն ուղղվելու է երկաթուղային ոլորտի զարգացմանը և Ադրբեջանը Ռուսաստանին ու Իրանին կապող երկաթգծերի թարմացմանը:
Այդ երեք երկրները տևական ժամանակ է աշխատում են «Հյուսիս-Հարավ» նախագծի իրագործման վրա, որը ենթադրում է երկաթգծերի միացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում ծավալները կարող են հասնել մինչև 10 միլիոն տոննայի:
Մինչ այդ, կողմերի միջև արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաև Եվրոպայի արևելյան ու հյուսիսային երկրների հետ։