Հավատարիմ լինելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը՝ Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում դրսևորել խաղաղ գործընթացում և ճիշտ ըմբռնել տարածաշրջանային իրողությունները։
Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության այսօրվա հայտարարությունում:
«Հայկական կողմը պետք է վերջապես գիտակցի, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասվում է փաստաթղթում։
Trend լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այդ հայտարարությունը հրապարակել է «նոյեմբերի 8-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ»։
«Ադրբեջանի տարածքներում հայկական զինված ուժերի և Հայաստանի կողմից ստեղծված անջատողական վարչակարգի գոյության դադարեցումից հետո կան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ընդարձակ հնարավորություններ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ապա գերատեսչությունը նշում է, թե Հայաստանը «դեռևս ընտրում է խաղաղ պայմանագրի բանակցություններին խոչընդոտելու ճանապարհը»։
Շարունակելով ռազմաքաղաքական սադրանքները և ականների վտանգը՝ Հայաստանը խոչընդոտում է խաղաղ գործընթացը, վտանգում Ադրբեջանի քաղաքացիների կյանքը և խոչընդոտում տարածաշրջանի վերականգնումը:
«Հայկական կողմը, հակառակ իր պարտավորություններին, ոչ միայն դուրս չէր բերում իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից, ինչը հանդիսացել է խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ապօրինի զենք, զինտեխնիկա և ականներ մատակարարել։ Բացի այդ, Հայաստանը դեռ չի փոխանցել Ադրբեջանին 8 գյուղերը, որոնք տակավին դեռ օկուպացված են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ ծավալուն հաղորդագրության մեջ։