Չնայած Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մանրամասներ չի հաղորդում երեկվա հաղորդագրության վերաբերյալ, թե Հայաստանում ահաբեկչության փորձ է կանխել, Կառավարության ներկայացուցիչներն արդեն այն համեմատում են Հոկտեմբերի 27-ի հետ։
«Այն հեղաշրջման հերթական փորձն էր», - այսօր պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Բացահայտված «Հյուսիսային տերևաթափ» կոչվող ահաբեկչական ակտի պատվիրատուների մոտ, սակայն, բացակայում է գիտակցությունը, որ հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, իսկ հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը ժողովրդավարությունն է»,-նշել է Չախոյանը:
Թե ինչ տեղեկություններ ունի նման պնդումների համար և որտեղից, Տարոն Չախոյանը չի մանրամասնել։ Մինչ այդ ԱԱԾ-ն լռություն է պահպանում և դեռ չի նշում՝ ովքեր էին երեկ ձերբակալվածները, և ով էր այն քաղաքացիական անձը, ում, ըստ իրավապահների, նրանք պատրաստվում էին կյանքից զրկել։ ԱԱԾ մամուլի ծառայությունից փոխանցում են, որ նախաքննական գաղտնիք է, արդեն հրապարակված հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն:
Առայժմ միայն հաղորդվել է, թե հայտնաբերվել է հանցավոր խումբ, որ 2023 թվականի ընթացքում նախապատրաստում էր պայթյուն իրականացնել, զավթել պետական շինություններ՝ քաղաքացիական անձի կյանքից զրկել՝ նպատակ ունենալով կազմալուծել իշխանության մարմինների գործունեությունը: ԱԱԾ հրապարակած ձայնագրության մեջ ձայնը փոխած տղամարդիկ քննարկում են նաև պայթուցիկը մեքենայի տակ հարմարեցնելու հնարավորությունը:
ԱԱԾ հրապարակած տեսանյութում երևացող թղթերի գրություններում, որ, ըստ ծառայության, գործողությունների պլանավորումն են ներկայացնում, երևում է նաև «ԱԺԲ ակտիվիստներ» արտահայտությունը: Այս կապակցությամբ Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանն ասում է՝ առաջիկայում հայտարարության կտարածեն:
Հարցին, թե քննարկում է ընթանում պատասխանի վերաբերյալ, խոսնակն ասաց. - «Ճիշտն ասած՝ այդքան լուրջ վերաբերվելու հարց չի, որ քննարկվի կամ ոչ։ Խորհուրդը հայտարարություն կանի, մենք ԱԱԾ-ի այդ նկարած կինոյին այդքան էլ լուրջ չենք վերաբերվել»։
Հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի այգում 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդոք նման ոճրագործություն կարո՞ղ է կրկնվել, նշել էր, որ նման վտանգ տեսնում է: Սիմոնյանը ևս մանրամասներ չէր հայտնել։
Վերջին մեկ ամսում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պետական ահաբեկչության կանխման արդեն երկրորդ փորձի մասին։ Սեպտեմբերի վերջին հաղորդվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն է «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» հասարակական կազմակերպության անդամների հետ ծրագրել բռնությամբ զավթել իշխանությունը։ Բազեյանը, մասնավորապես, մեղադրվում է վարչապետ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, նա չի ընդունում մեղադրանքը։