Թեև «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասով գործը հեղափոխությունից հետո վերաբացվել էր, սակայն մինչ օրս՝ 4 տարվա քննությունից հետո, որևէ մեղադրյալ չկա։ Ինչո՞ւ՝ իրավապահները տուժողների հարազատներին չեն պատասխանում։
Ազգային ժողովի սպանված նախագահի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, այսօր էլ կրկնեց այն, ինչ ասում է արդեն 24 տարի շարունակ. - «Ես ո՞նց կարող եմ գոհ լինել, եթե մինչև այսօր լիարժեք բացահայտված չի: Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել՝ արտաքին, ներքին: Այսօր ես զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի որ ընթանում է քննություն»:
1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանել էր Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին և ևս վեց պաշտոնյայի։
Սպանությանը զուգահեռ իրավապահները քննել էին կազմակերպիչների դրվագը, տարիներ անց, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, գործը փակել՝ եզրահանգելով, թե հանցադեպ չկա։
Իշխանափոխությունից հետո սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն էր պահանջել նոր քննություն սկսել:
«Երբ նոր բացվեց, ես ասեցի քաղաքական կամք կա «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու, այսօր ես լուրջ կասկածի տակ եմ դնում իմ իսկ ասածը, որովհետև չեմ տեսնում գործնական քայլեր, որ ուզում են բացահայտել», - նշեց Բախշյանը։
Բախշյանը 37 էջանոց բողոք էր ներկայացրել իրավապահներին, մանրամասն նշել կասկածները, որ, իր համոզմամբ, նախորդ իշխանությունները քննության չէին առել։ Գործը վերաբացելուց հետո 4 անգամ եղել է ԱԱԾ քննիչի մոտ, բայց իր նախաձեռնությամբ և նույն հարցով՝ ինչո՞ւ չկան մեղադրյալներ։ Պատասխաններն ընդհանուր էին՝ ասում է Բախշյանի այրին։
«Մարտի 1»-ը, որից իր [Նիկոլ Փաշինյանի] մաշկը ցավացել էր, չբացահայտվեց, «Հոկտեմբերի 27»-ից իր մաշկը չի ցավացել, չի՞ բացահայտելու, բացահայտվելու է, բայց գուցե իրենից հետո։ Չեմ բացառում, որ դա բավականին դժվար բան է», - ընդգծեց նա:
4 տարվա քննությունից հետո Գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել, թե առաջ են քաշվել մի շարք վարկածներ, դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, առգրավվել են բազմաթիվ պաշտոնյաների անձնական գործեր, տեսագրություններ և ձայնագրություններ, որոնք գտնվում են փորձաքննության փուլում: Հաշվետվության մեջ, սակայն, չի նշվում՝ արդյո՞ք այս ընթացքում հարցաքննվել են այդ ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ-ի պետ Սերժ Սարգսյանը։ Նրանց փաստաբաններն այսօր որևէ մեկնաբանություն չտվեցին։
«Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, եկեք պատասխան տվեք «Հոկտեմբերի 27»-ի մասին, եկեք պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ու զենքով գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին հայտարարել էր՝ իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրին» տված ձայնը թույլ կտա գտնել ահաբեկչության կազմակերպիչներին։
Այսօր իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կրկնեց այն, ինչ ասել էր անցած տարի այս օրը. - «Կարծում եմ, որ մինչև մյուս «Հոկտեմբերի 27»-ի տարելիցը, 25 տարին լրանալը, դատախազությունը մեր հասարակությանը կարող է նաև ներկայացնել ցանկալին, որին արդեն 25 տարի է՝ մեր ժողովուրդը սպասում է»:
Մինչ իրավապահները արդեն ավելի քան երկու տասնամյակ կազմակերպիչներից որևէ անուն ու վարկած չեն մատնանշում, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր պնդեց՝ դրանք բոլորին են հայտնի, չմանրամասնելով՝ ինչո՞ւ այդ դեպքում մեղավորները չեն կանգնում դատարանի առաջ:
«Թե՛ «Մարտի 1»-ի պարագայում, թե՛ «Հոկտեմբերի 27»-ի, հիմնական դրդապատճառները և հիմնական դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք, մնում է այդ փաստն արձանագրվի և համապատասխան պատիժ լինի», - նշեց Սիմոնյանը: