Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ ահաբեկչության նախապատրաստություն է բացահայտել։
Ըստ իրավապահների, խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Թե կոնկրետ ինչ, Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակում։
Ահաբեկիչները, ըստ իրավապահների, պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ՝ սպանելով քաղաքացիական անձի։ Թե ով էր թիրախում, ևս չի հստակեցվում։
Հինգ կալանավորվածների անունների միայն առաջին տառերն են հրապարակվել, տեսանյութում նրանց ձայնը փոխված է, դեմքը՝ փակված։ Ընդ որում, ահաբեկչական գործողությունը «Հյուսիսային տերևաթափ» անվանումն է ունեցել, չի հստակեցվում՝ արդյո՞ք հյուսիս ասելով նկատի է առնվել Ռուսաստանը։
Ըստ հրապարակված ձայնագրությունների՝ խումբն ունեցել է արտերկրյա հովանավորներ: Ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու համար, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, և ակտիվացնել դրանք ահաբեկչության նախորդ գիշերը, ինչպես նաև ներգրավել Ազգային ժողովրդավարական բևեռի ակտիվիստներին. համենայնդեպս օպերատիվ նկարահանումներում երևացող փաստաթղթում քաղաքական հենց այս միավորի անունն է նշված։ Բևեռն առայժմ չի մեկնաբանում տեսանյութը։
Իրավապահների փոխանցմամբ՝ ծրագրվել էր նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքների տեղափոխումը Վրաստան:
Խուզարկություններով հայտնաբերվել է ռազմամթերք՝ այդ թվում հրազեն, պայթուցիկ, հրթիռի արձակման սարք։ Հրապարակված ձայնագրությունում տղամարդիկ, ըստ ամենայնի, քննարկում են անօդաչու սարքով պայթյուն կազմակերպելու տարբերակը.
«Ինքը պուճուր այ սենց բան ա, իրա վրա կարում ա տանի մի հատ մինա վաթսուննոց»: - «Էտի ինձի պետք չի է, մեռնեմ ջանիդ, էտի ինձի պետք ա, ասենք, մեքենան գնում ա՝ մեքենայի տակ մտցնել»:
Ազգային անվտանգության ծառայության հրապարակած մեկ այլ ձայնագրությունում էլ, ամենայն հավանականությամբ, կասկածյալները ինչ-որ շենքի տարածք են դիտարկում. - «Ես գիտեմ այ էս տարածքը շատ լավ, հոյակապ: Էս համալիրն ա, ու այ էս էրկու բլուրը տենո՞ւմ ես, տենոմ ե՞ս՝ ստեղ խաչմերուկ ա, այ ստեղ ոստիկանական պոստ ա: Եթե էս ըլնի, ինքը շատ լավ տեղ ա, ու համ էլ սենց թիրախավորում ա»:
Վերջին մեկ ամսում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պետական ահաբեկչության կանխման արդեն երկրորդ փորձի մասին։ Սեպտեմբերի վերջին հաղորդվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն է «Խաչակիրներ ռազմահայրենասիրական» հասարակական կազմակերպության անդամների հետ ծրագրել բռնությամբ զավթել իշխանությունը։ Բազեյանը, մասնավորապես, մեղադրվում է վարչապետ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, նա չի ընդունում մեղադրանքը։
Այսօրվա գործով կալանավորվածների փաստաբանները դեռ հայտնի չեն։